Հազարավոր մարդիկ կիրակի Մադրիդում դուրս են եկել բողոքի ակցիայի՝ պահանջելով բնակարանների գների իջեցում՝ իսպանացիների աճող դժգոհության ֆոնին, որոնք կարծում են, որ իրենց դուրս են մղում շուկայից, հայտնում է Reuters-ը։

«Բնակարանն իրավունք է, ոչ թե բիզնես» կարգախոսի ներքո  իսպանական մայրաքաղաքի բնակիչները երթի են դուրս եկել՝ պահանջելով վարձակալության ավելի ցածր գներ և կենսապայմանների բարելավում։

Իսպանիայի կառավարության տվյալներով, տասներկու հազար մարդ է դուրս եկել փողոց։

Հուլիսին Իսպանիայի կառավարությունը հայտարարել էր  հանգստի համար բնակարանների կարճաժամկետ և սեզոնային վարձակալության նկատմամբ խիստ միջոցների սահմանման մասին:

Իսպանիան ամեն կերպ փորձում է հավասարակշռել զբոսաշրջության զարգացումը, որը նրա  տնտեսության առանցքային գործոնն է, և քաղաքացիների խնդիրների լուծումը, որոնք կապված են անմատչելի բարձր վարձավճարների հետ, քանի որ վարձատուները գերադասում են ավելի բարձր գներով բնակարաններ տրամադրել զբոսաշրջիկներին: Կիրակի օրը Բարսելոնայում տեղի ունեցած մեկ այլ՝  զբոսանավերի մրցույթի Ամերիկայի գավաթի անցկացման դեմ ցույցի ժամանակ ցուցարարները մեղադրեցին միջազգային սպորտային միջոցառմանը վարձակալության գների բարձրացման և գերբնակեցված քաղաք մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ բերելու մեջ։ 

Այս տարի Կանարյան կղզիների և Մալագայի բնակիչները նույնպես բողոքի ակցիաներ են անցկացրել զբոսաշրջիկների համար  բնակարանների վարձակալության գների բարձրացման դեմ։ Հյուրանոցային բիզնեսի սեզոնային աշխատողները դժվարանում են բնակարան գտնել այս հայտնի զբոսաշրջային վայրերում, շատերը ստիպված են լինում գիշերել ֆուրգոններում կամ իրենց ավտոմեքենաներում: