Ուզբեկստանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նախազգուշացնում է «կվադրոբեր» երեխաների ծնողներին խոշոր տուգանքների մասին։

Գերատեսչության տվյալներով, վերջերս սոցիալական ցանցերում երիտասարդների և դեռահասների շրջանում հայտնվել է «կվադրոբիկա» ենթամշակույթը, որտեղ երիտասարդները, օգտագործելով կենդանիներին պատկերող աքսեսուարներ (դիմակներ, պոչեր), ընդօրինակում են նրանց վարքը։

«Դա նկատվել է Ղազախստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի երիտասարդների շրջանում։ Ցավոք, նմանատիպ անընդունելի գործողություններ են նկատվել նաև Տաշքենդ քաղաքում։ Մասնավորապես, հաղորդվել է, որ հոկտեմբերի 10-ին տեսել են կենդանու դիմակով «կվադրոբերի», իսկ հոկտեմբերի 11-ին մեկ այլ «կվադրոբեր»՝ իրեն շուն համարելով, հարձակվել է ուղևորների վրա, իսկ դեպքին ականատես երեխան խիստ վախեցել է»,- նշվում է ՆԳՆ-ի հաղորդման մեջ։

Այս կապակցությամբ վարչությունը նախազգուշացրել է, որ Վարչական պատասխանատվության օրենսգրքի համաձայն, ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կողմից անչափահաս երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունների չկատարումը, այդ թվում՝ որպես հետևանք անչափահասների կողմից վարչական իրավախախտումները հանգեցնում են մինչև 1 մլն 875 հազար սումի չափով տուգանքի։

«Որպես երեխայի իրավունքների երաշխիքների ապահովման համար պատասխանատու մարմիններից մեկը՝ նախարարությունը հայտարարում է, որ նման ենթամշակույթի դրսևորման դեպքերը որակվելու են որպես ծնողների կողմից իրենց պարտականությունների չկատարում»,- պարզաբանել է Ուզբեկստանի ՆԳՆ-ն։