Լիտվայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում առաջատարը ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է։ Այս մասին տեղեկացրել է LRT-ն՝ հղում կատարելով Գլխավոր ընտրական հանձնաժողովի տվյալներին։
Նախօրեին Լիտվայում կայացել է խորհրդարանական ընտրությունների քվեարկության առաջին փուլը։ Ինչպես նշել է հանրային հեռարձակողը, ընտրություններին մասնակցությունը կազմել է 52,06 տոկոս։
Սոցիալ-դեմոկրատները հավաքել են ավելի քան 36 տոկոս ձայն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նրանց օգտին քվեարկել է 1 947 ընտրատեղամասերից 594-ը։ Դա նրանց տալիս է 25 տեղ 70 բազմամանդատանոց ընտրական օկրուգում։
Կառավարող «Հայրենիքի միություն-Լիտվայի քրիստոնյա դեմոկրատներ» կուսակցությունը՝ վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի գլխավորությամբ, երկրորդ տեղում է՝ 28 տոկոս։
«Նյամունասի արշալույս» կուսակցությունը՝ Ռեմիգիյուս Ժեմայտայտիսի գլխավորությամբ, ստացել է 12 տոկոս ձայն։
Ինչպես հայտնի է, Լիտվայի Սեյմում ընտրվում է 141 պատգամավոր քառամյա ժամկետով, 71 միամանդատ եւ 70 համազգային բազմամանդատ ընտրական օկրուգներում։
Այս տարի Սեյմի ընտրություններում առաջադրվել է 1 740 քաղաքական գործիչ։ 14 քաղաքական կուսակցություն եւ մեկ կոալիցիա եւս կազմել են թեկնածուների ցուցակ։
Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հոկտեմբերի 27-ին, երբ միամանդատ օկրուգների մեծ մասը քվեարկի երկու առաջատար թեկնածուների միջեւ ընտրության համար։



























