ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հոկտեմբերի 14-ին ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստում կրկնել է Մերձավոր Արևելքում սրված հակամարտությունում հրադադարի վերաբերյալ իր կոչը։

Ըստ Բորելի հայտարարության՝ այդ կոչին միացել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լամմին, ով նույնպես մասնակցելու է հանդիպմանը, հայտնել է գերմանական Deutsche Welle պարբերականը։

Բորելը հոկտեմբերի 13-ին գրավոր հայտարարության մեջ շեշտել էր, որ ԵՄ-ն դատապարտում է «Իսրայելի պաշտպանության ուժերի (ՑԱԽԱԼ) հարձակումը Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) վրա», որի արդյունքում մի քանի խաղաղապահ է վիրավորվել։

«ԵՄ-ն դատապարտում է բոլոր հարձակումները ՄԱԿ-ի առաքելությունների վրա։ ՄԱԿ-ի խաղաղապահների վրա նման հարձակումները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են և բացարձակապես անընդունելի։ Այդ հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն»,-նշված է փաստաթղթում:

ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Բրյուսելը հրատապ բացատրություններ և մանրակրկիտ հետաքննություն է ակնկալում Իսրայելի իշխանությունների կողմից՝ հարավային Լիբանանում կայունության ապահովման գործում առանցքային դեր խաղացող UNIFIL-ի վրա հարձակման առնչությամբ:

Պարբերականը նշել է նաև, որ ԵՄ-ն նաև «խորապես անհանգստացած է շիա արմատական ​​«Հըզբոլլահ» շարժման կողմից Իսրայելի տարածքում շարունակվող հրթիռային հարձակումներով՝ կոչ անելով դադարեցնելու այդ հարձակումները:

Միևնույն ժամանակ, ԵՄ-ն անհանգստացած է Լիբանանի խիտ բնակեցված շրջաններում մեծ թվով քաղաքացիական զոհերի և բազմաթիվ մարդկանց հարկադիր տեղահանման պատճառ դառնող Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարվածներով։

«Բոլոր կողմերին կոչ ենք անում բոլոր հանգամանքներում հարգել միջազգային մարդասիրական իրավունքը»,- ընդգծվում է փաստաթղթում։

ԵՄ-ն կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Լիբանանում և իրականացնել Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև պատերազմում ռազմական գործողությունների դադարեցման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը: