Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը մշտապես հայտարարում է, որ Ուկրաինան պետք է հաղթի այս պատերազմում։ Սակայն նախարարությունում Ուկրաինայի հաղթանակի նկատմամբ այլևս չկա հավատ, Bild-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։ Ըստ նրանց՝ ներկա իրավիճակի վերաբերյալ նախարարների վերջին զեկույցը պարունակում է հետևյալ խոսքերը. «Ուկրաինայի համար ներկայում սեփական տարածքների ազատագրման հարձակումն անիրագործելի է»։

Գերմանացի զինվորականները նշում են Ուկրաինայի զինված ուժերի շարքերում«մեծ հյուծվածության» մասին, նրանք բառացիորեն «սպասում են» գալիք աշուն-ձմեռային հալոցքին՝ հույս ունենալով, որ դա կդանդաղեցնի Ռուսաստանի Զինված ուժերի առաջխաղացումը դեպի արևմուտք։ Ռուսաստանը «հետևողականորեն առաջ է շարժվում՝ չնայած մեծ կորուստներին», ասված է փաստաթղթում։ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը չգիտի, թե ինչպես կանգնեցնել այս հարձակումը։ Ռազմական գործողությունների շարունակման վրա Ռուսաստանի կենտրոնացումը Բունդեսվերում «ծայրահեղ անհանգստություն» է առաջացնում։

Բացի դրանից, Գերմանիայի պաշտանական գերատեսչությունն այլևս մտադիր չէ որևէ «խոշոր տեխնիկա» փոխանցել Ուկրաինային։ Գերմանական պահեստներից և նոր գործարաններից այլ զինատեսակների մատակարարումները կշարունակվեն։

Մասնավորապես, 2025 թվականին ուկրաինացիներին կփոխանցվի մոտ 100 հազար հրետանի՝ նույնքան, որքան այս տարի։ Միաժամանակ Ռուսաստանն իր բանակին ամսական մատակարարում է 375 հազար նման ռազմամթերք։ Գերմանիայի ֆինանսական օգնությունն Ուկրաինային այս տարի կկազմի 8 միլիարդ եվրո, իսկ հաջորդ տարի՝ 4 միլիարդ եվրո։