Իսպանիայի ոստիկանությունն առգրավել է 13 տոննա արգելված քիմիական նյութեր, դրանց թվում՝ քիմիական զենքի «հնարավոր» պրեկուրսորներ (թիրախային նյութի առաջացմանը հանգեցնող ռեակցիային մասնակից նյութ), որոնք ուղղվում էին Ռուսաստան՝ հակառակ ուկրաինական պատերազմի պատճառով Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցներին, հայտնում է Reuters-ը։

Ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է հանցավոր խմբավորման չորս կասկածյալ անդամների, որոնք ըստ իրավապահների, որ փորձում էին շրջանցել արևմտյան պատժամիջոցները՝ անօրինական կերպով քիմիական նյութեր մատակարարելով Ռուսաստան «ռուսական ծագումով քաղաքացիների» կողմից ղեկավարվող ձևական ընկերության միջոցով:

«Հետաքննության ընթացքում ապացուցվել է, որ միջազգային պատժամիջոցների ենթակա քիմիական նյութերը, որոնցից մի քանիսը կարող են լինել քիմիական զենքի կամ նյարդա-կաթվածահարական նյութերի պրեկուրսորներ, նախկինում արտահանվել են՝ օգտագործելով այս ընկերության կառուցվածքը»,-նշվում է ազգային ոստիկանության և հարկային մարմինների համատեղ հայտարարության մեջ: Ընդ որում՝ չի ճշտվում, թե հատկապես որ քիմիական նյութերն են առգրավվել վերջին գործողության ժամանակ։

Քիմիական նյութերը հայտնաբերվել են Բարսելոնայի նավահանգստի բեռնարկղերում, իսկ չորս կասկածյալներ ձերբակալվել են նավահանգստին մերձակա Սանտ Ֆելիու դե Գիշոլս, Սերդանյոլա դել Վալես և Սանտա Պերպետուա դե Մոգոդա գյուղերում։ Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել արգելված ապրանքների հատևողական մաքսանենգության մեջ։

Ոստիկանության տվյալներով՝ իսպանական ընկերությունը Ռուսաստան միջազգային պատժամիջոցների տակ գտնվող քիմիական արտադրանք արտահանելու համար լոգիստիկ և ֆինանսական խրթին ցանց է ստեղծել։