Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հեռախոսազրույցից հետո հրապարակայնորեն կծու խոսքեր են փոխանակել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի և Լիբանանում «Հըզբոլլահ» շարժման միջև հակամարտությունը, գրում է Ֆրանսպրես գործակալությունը։

«Պարոն Նեթանյահուն չպետք է մոռանա, որ իր երկիրը ստեղծվել է ՄԱԿ-ի որոշմամբ»,-հայտարարել է Մակրոնը Ֆրանսիայի կառավարության ամենշաբաթյա նիստում՝ նկատի ունենալով 1947 թվականի նոյեմբերին ՝ Պաղեստինը հրեական և արաբական պետությունների բաժանելու ծրագրի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևը։ «Հետևաբար, հիմա անտեսելու ՄԱԿ-ի որոշումներն ժամանակը չէ»: Մակրոնի մեկնաբանությունները, որոնք արվել են Ելիսեյան պալատում փակ հանդիպման ժամանակ, մեջբերել է մասնակիցներից մեկը, որը խոսել է Ֆրանսպրես գործակալության հետ՝ խնդրելով չհրապարակել իր անունը:

«Ֆրանսիայի նախագահին հիշեցնում եմ. Իսրայել պետությունը ստեղծվել է ոչ թե ՄԱԿ-ի բանաձևով, այլ Անկախության պատերազմում հերոս մարտիկների արյան միջոցով ձեռք բերված հաղթանակով, որոնցից շատերը վերապրել են Հոլոքոստը, այդ թվում՝ Ֆրանսիայի Վիշիի ռեժիմից»,-ասված է Իսրայելի վարչապետի ավելի ուշ արված հայտարարության մեջ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևում ասվում է, որ Լիբանանի հարավում պետք է տեղակայվեն միայն Լիբանանի բանակը և ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը:

Նեթանյահուն կիրակի ՄԱԿ-ին կոչ է արել դուրս բերել 10 հազարանոց խաղաղապահ ուժերը, ներառյալ 700 ֆրանսիացի զինվորականներին, որոնք տեղակայված են «շառից-փորձաքից հեռու» Լիբանանի հարավում, հայտարարելով, որ «Հըզբոլլահ»-ը դրանք որպես «կենդանի վահան» է օգտագործում:

Հեռախոսազրույցի վերաբերյալ ավելի վաղ զեկույցում Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ նա Մակրոնին ասել է, որ Իսրայելը դեմ է Լիբանանում «միակողմանի հրադադարի» համաձայնությանը: