Բրազիլիայի դաշնային ոստիկանության հետաքննությունը կհանգեցնի այն եզրակացության, որ նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն ներգրավված է եղել 2022 թվականի ընտրություններում պարտվելուց հետո պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու դավադրության մեջ, հետաքննությանն անմիջականորեն ծանոթ աղբյուրին վկայակոչելով հայտնել է Reuters-ը:
Բոլսոնարուի մասնակցության նշաններն ընտրությունների արդյունքները չեղարկելու մասին հրամանագրի նախագծի խմբագրման մեջ կհաստատվեն լրացուցիչ ապացույցներով: Դրանք հավաքել է դաշնային ոստիկանությունը՝ խուզարկության և առգրավման միջոցով, հայտնել է աղբյուրը: Սպասվում է, որ հետաքննությունը կավարտվի մինչև նոյեմբեր։ Բոլսոնարուի փաստաբանները մեկնաբանություններ անելու հարցումներին չեն արձագանքել։
Բրազիլիայի նախկին նախագահը բազմիցս հերքել է իրավախատումներին իր որևէ մասնակցությունը:
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ նոր ապացույցները ցույց են տալիս, որ Բոլսոնարոն և նրա դաշնակիցները մշակել են մի սխեման, որն ուղղված է եղել 2022 թվականի վերջին կանխելու Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի նախագահի պաշտոնում երդմնակալությունը:
Աղբյուրը միաժամանակ նշել է, որ նոր ապացույցներ են հայտնաբերվել հետաքննության օբյեկտ դարձած մարդկանց բջջային հեռախոսներում, սակայն չի հստակեցրել, թե ինչ կարող է ներառվել վերջնական զեկույցում, որը հաջորդ ամիս կուղարկվի Գերագույն դատարան: Դաշնային ոստիկանությունն արդեն պաշտոնապես մեղադրել է Բոլսոնարուին COVID-19 պատվաստման քարտերը կեղծելու, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի կառավարությունից ոսկերչական զարդեր ստանալու մեջ։
Նա միաժամանակ հեռացվել է իր պաշտոնից մինչև 2030 թվականը այն բանից հետո, երբ Բրազիլիայի բարձրագույն ընտրական դատարանը նրան մեղավոր է ճանաչել իշխանության չարաշահման և լրատվամիջոցների չարաշահման մեջ՝ էլեկտրոնային քվեարկության համակարգի վերաբերյալ չհիմնավորված պնդումներ տարածելու համար:



























