ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, որը դեմոկրատների կողմից ԱՄՆ նախագահի թեկնածուն է, հավաստիացնում է, որ Վաշինգտոնը չպետք է հրաժարվի աջակցել այլ երկրներին ներքին խնդիրների պատճառով։ Նա երեքշաբթի այսպիսի հայտարարություն է արել iHeartRadio ռադիոկայանի հարցազրույցում։
Հարիսին հարցրել են, թե ինչու են ամերիկյան իշխանությունները միջոցներ հատկացնում այլ երկրներին օգնելու համար՝ չնայած դրանք ներքին խնդիրների լուծմանն ուղղելու սուր անհրաժեշտությանը։ «Մենք կարող ենք անել ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը, այդպես էլ արվում է»,- նշել է նա։
«Ես համոզված եմ, որ Ամերիկան երբեք չպետք է հրաժարվի համաշխարհային առաջնորդի պարտականություններից։ Դա համապատասխանում է մեր ազգային անվտանգության, որպես ամերիկացի մեզանից յուրաքանչյուրի շահերին եւ համաշխարհային ասպարեզում մեր դիրքին»,- կարծում է Հարիսը։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 5-ին։ Հանրապետական կուսակցությունը դրանցում ներկայացնելու է նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, Դեմոկրատականը՝ Հարիսը։




























