Ավելի քան 1,4 միլիոն հյուսիսկորեացի երիտասարդներ «ցանկություն են հայտնել» միանալ բանակին՝ Հարավային Կորեայի հետ սահմանին լարվածության պայմաններում, հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:
«Մեր սուրբ Հանրապետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը խախտած Կորեայի Հանրապետության տականքներին պատժելու կամքը տիրում է ամբողջ երկրում։ Պատերազմի դեպքում Կորեայի Հանրապետությունը կկործանվի։ Քանի որ նա պատերազմ է ուզում, մենք պատրաստ ենք վերջ տալ նրա գոյությանը»,- ընդգծվում է գործակալության հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ միաժամանակ նշվում է, որ Հյուսիսային Կորեայի բանակի շարքերը համալրելու երիտասարդների ցանկությունը «նոր սերնդի ներկայացուցիչների սաստիկ ատելության և վրեժխնդրության վառ դրսևորումն է», նրանք պատրաստ են զենքով պատժել պատերազմ սկսել ցանկացողներին:
Նախօրեին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սեուլին մեղադրել էր քարոզչական թռուցիկներով անօդաչու թռչող սարքեր Հյուսիսային Կորեա ուղարկելու մեջ՝ դա անվանելով ռազմական սադրանք։ Նա պահանջել է «անհապաղ ռազմական գործողություններ»՝ պաշտպանելու համար երկրի ինքնիշխանությունը։
Դրանից հետո ԿԺԴՀ զինվորականները պայթեցրել են Հարավային Կորեա տանող ճանապարհների երկու հատված։ Պայթյունները տեղի են ունեցել Հյուսիսային Կորեայի տարածքում Կյոնիսոնգ և Տոնգհե գծերի երկայնքով. առաջինը հյուսիսում կապում է Կեսոն քաղաքը արևմուտքում հարավկորեական Փհաջուի հետ, երկրորդը երկրի արևելքում է։
Հարավային Կորեայի զինվորականները չեն տուժել և պատասխան կրակ են բացել երկու Կորեաները բաժանող սահմանազատման գծից հարավ: Սեուլում ենթադրում են, որ ԿԺԴՀ-ի գործողություններն ուղղված են միջկորեական ցամաքային հաղորդակցությունների ամբողջական ոչնչացմանը և պաշտպանական կառույցների կառուցմանը։
Կորեայի բաժանումը ԿԺԴՀ-ի և Կորեայի Հանրապետության տեղի է ունեցել 1945 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի պարտությունից հետո, որը նախկինում գրավել էր Կորեական թերակղզին: ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը սկզբում ենթադրում էին, որ բաժանումը ժամանակավոր է լինելու, և որ Կորեան շուտով վերամիավորվելու է։ Բայց ի վերջո տեղի ունեցավ Կորեական պատերազմը, որի արդյունքում Կորեական թերակղզու բաժանումը երկու պետությունների 38-րդ զուգահեռականով վերջնականապես պաշտոնականացվեց։ Ֆորմալ առումով երկրները պատերազմական վիճակում են, քանի որ նրանց միջև երբեք խաղաղության պայմանագիր չի կնքվել։
Չնայած դրան, ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի իշխանությունները թերակղզու միավորումը երկար տարիներ հայտարարել են իրենց նպատակը։ Սակայն անցած դեկտեմբերին Կիմ Չեն Ընը վերջնականապես հրաժարվեց այս գաղափարից։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի «ռազմական սադրիչ քայլերի» պատճառով թերակղզում շարունակում է մնալ ճգնաժամային իրավիճակ, որը դուրս է գալիս վերահսկողությունից։ «Պատերազմ» բառը մոտ է իրականություն դառնալուն, ընդգծել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը։



























