Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չորեքշաբթի հայտարարել է, որ երկրի առաջատար բիզնես ասոցիացիաներին և արհմիություններին կհրավիրի հոկտեմբերին անցկացվելիք հանդիպմանը՝ նվիրված երկրի արդյունաբերությունը փրկելու նոր քաղաքականություն մշակման թեմային, հայտնում է Reuters-ը։

Էներգիակիրների համար պահանջվող մեծ ծախսերը, սակավ համաշխարհային պահանջարկը, արագ անցումը դեպի զրոյական եկամտի տնտեսություն և Չինաստանի կողմից աճող մրցակցությունը կասկածի տակ են դնում Գերմանիայի արտահանմանն ուղղված արդյունաբերական տնտեսական մոդելի գոյատևումը, և ընկերությունների ղեկավարները ավելի շատ պետական ​​աջակցություն են պահանջում, գրում է գործակալությունը։

Ապաարդյունաբերականացման մտավախություններն ի հայտ եկան անցյալ ամիս, երբ ավտոարտադրող Volkswagen-ը հայտարարեց, որ մտածում է իր պատմության մեջ առաջին անգամ Գերմանիայում գործարանները փակելու մասին:

«Մենք պետք է առաջին հերթին պայքարենք արդյունաբերության համար այստեղ՝ Գերմանիայում» -ասել է Շոլցը՝ ելույթ ունենալով խորհրդարանում: «Գերմանիան արդյունաբերական երկիր է»,-ընդգծել է կանցլերը:

Առանցքային հարցերից մեկն, ըստ նրա, այն է, թե ինչպես ապահովել էժան էներգիա։ Անցյալ տարի Գերմանիան համաձայնեց բոլոր արտադրական ընկերությունների համար նվազեցնել իր էներգիայի հարկը մինչև Եվրամիության օրենսդրությամբ թույլատրված նվազագույն մակարդակը, ինչպես նաև ավելացնել և երկարաձգել 350 ընկերությունների ստացվող փոխհատուցումը, որոնք  մրցակցում են միջազգային մակարդակով և ավելի շատ են ենթակա տեղափոխման վտանգին:

Ընդ որում, ըստ Շոլցի, մինչ օրս նման միջոցառումներից այնքան էլ շատ ընկերություններ չեն շահել: Բացի դրանից, ըստ Գերմանիայի կանցլերի, ԵՄ-ն պետք է սկսի ազատ առևտրի համաձայնագրեր կնքել՝ ապահովելով, որ դրանք կախված չլինեն առանձին երկրի քմահաճույքից։

«Մենք առևտրային քաղաքականության լիազորությունները Եվրոպային չենք փոխանցել ոչ միայն նրա համար, որ այլևս առևտրային համաձայնագրեր չկնքենք»,-շեշտել է կանցլերը:

Շոլցը միաժամանակ քննադատել է չինական արտադրության էլեկտրական ավտոմեքենաների համար մաքսատուրքեր սահմանելու ԵՄ որոշումը՝ հայտարարելով, որ 17 այլ պետություններ դրան թերահավատորեն են վերաբերվում, ինչպես նաև բոլոր ավտոարտադրողների ղեկավարները, որոնց հետ ինքը զրուցել է:

«Ես խնդրում եմ՝ եկեք համաձայնության գանք Չինաստանի և Եվրամիության միջև»,-ասել է նա։

Շոլցը նշել է, որ Գերմանիան նույնպես պետք է քննարկի, թե արդյունաբերական հատվածից բացի ինչպես զարգացնել նաև այլ ոլորտներ։ «Apple, Microsoft, Amazon, Meta, OpenAI. այս ընկերություններից և ոչ մեկը եվրոպական կամ գերմանական չէ»,-նշել է կանցլերը: