Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ղազախական Kazinform լրատվամիջոցին տված հարցազրույցում պատմել է Եվրասիական տնտեսական համայնքում Ղազախստանի հետ համագործակցության մասին։

Ըստ նրա՝ երկու երկրների հարաբերություններն առանձնահատուկ են, մանավանդ, որ այս տարի լրացավ Եվրասիական տնտեսական միության կազմավորման 10-ամյակը։ 

«Եվ ինչ-որ կերպ պետք է ընդհանրացնել ու վերլուծել այս կառույցում առկա ձեռքբերումներն ու ձախողումները։ Մենք սերտորեն համագործակցում ենք ԵՎՐԱԶԵՍ-ի բոլոր երկրների ներկայացուցիչների հետ, հատկապես մեր ղազախ գործընկերների հետ, քանի որ կան հարցեր, որոնք հնարավոր չէ միայնակ լուծել։

Ուստի մենք շատ սերտորեն համագործակցում ենք, և ելնելով այն տնտեսական թվերից, որոնք կան, կարող եմ ասել, որ Եվրասիական տնտեսական միությունը իսկապես գործում է։ Բայց շեշտը, ինչպես որոշվել էր, ավելի ճիշտ՝ կանխատեսվել էր, Եվրասիական տնտեսական միության ստեղծման ժամանակ, դրվում է տնտեսական հարաբերությունների վրա»,-նշել է ՀՀ նախագահը։

Նա հավելել է, որ տեղյակ է՝ Ղազախստանը, ելնելով միայն այս դրույթից, պատրաստ է խորացնել հարաբերությունները Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակում, քանի որ քաղաքական խնդիրների առաջացման պատճառով երբեմն տնտեսական որոշ խնդիրներ չեն լուծվում։

«Կարծում ենք՝ Եվրասիական տնտեսական միությունում քաղաքականություն չպետք է լինի, պետք է լինի միայն տնտեսություն։ Թեև կյանքում դա տեղի չի ունենում, տնտեսությունն ու քաղաքականությունը սերտորեն կապված են, և ոչ ոք չգիտի, թե ինչն է ավելի շատ ազդում միմյանց վրա՝ քաղաքականությունը տնտեսության վրա, թե հակառակը։

Բայց միևնույնն է՝ ելնում ենք նրանից, որ մենք անկախ երկրներ ենք և ինքներս ենք որոշում մեր քաղաքական հարցերն ու քաղաքական գաղափարախոսությունը։ Ուստի փորձում ենք այս հարցում միմյանց չմիջամտել, այլ ընդհակառակը, միասին աշխատել Եվրասիական տնտեսական միության կառույցներում և օգնել միմյանց տնտեսական ոլորտի զարգացման գործում»,-շեշտել է Հայաստանի Հանրապետության նախագահը։