Հայաստանի ներկա վաչապե Նիկոլ Փաշինյանը աճուրդի է հանել ոչ միայն պետությունը, այլեւ մեզ բոլորիս, ներառյալ իր թիմակից ընկերներին։ Այս մասին հայ-ադրբեջանական սահմանազատման եւ սահմանագծման պետական հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի, ինչպես նաեւ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի անկախության հռչակագրի անժամկետ ակտուալության մասին» հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներում հոկտեմբերի 17-ին ասել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
«Ես կարող էի ասել, որ ինձ չի հուզում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների ճակատագիրը՝ հայտնելով, օրինակ, որ թող այդ մասին հոգան Հայաստանում հավատարմագրված դեսպանություններն ու կառույցները, որոնք քաղաքական ապաստան են տրամադրում»,- ասել է Գալստանյանը՝ ավելացնելով, որ ինքը չի կարող անել դա, քանի որ իրեն անհանգստացնում է 680 հազար հայերի ճակատագիրը, որոնք իրենց ձայնն են տվել «Քաղաքացիական պայմանագրին»։ Ընդդիմադիր գործչի գնահատմամբ՝ նրանք այդ կերպ, ըստ էության, դարձել են այս գործընթացների համամասնակիցը։



























