Ուկրաինան Նորվեգիայից F-16 կործանիչներ կստանա: Մոտ ժամանակներս վեց ինքնաթիռ կմատակարարվի, ըստ РБК-Украина-ի՝ հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

Ըստ ուկրաինացի նախարարի՝ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստի ժամանակ ինքը բանակցություններ է վարել Նորվեգիայի պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրամի հետ։ Ուկրաինացի պաշտոնյան շնորհակալություն է հայտնել Նորվեգիայի կառավարությանն ու ժողովրդին Ուկրաինային ցուցաբերած աննախադեպ աջակցության համար։

Բանակցությունների ընթացքում նախարարները քննարկել են ռազմաճակատում առկա իրավիճակը և Ուկրաինայի կարիքները, դրանց թվում՝ հեռահար սպառազինության ոլորտում։ Կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացման վերաբերյալ։

«Առանձին ուշադրության կենտրոնում է ավիացիոն բաղադրիչը։ Մասնավորապես՝ ամրապնդելով մեր կարողությունները F-16 կործանիչներով։ Նորվեգիան մոտ ապագայում կշարունակի աջակցել և Ուկրաինային վեց ինքնաթիռ կտրամադրի»,-նշել է Ումերովը։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավարը հավելել է, որ ինքը նորվեգացի գործընկերոջ հետ քննարկել է նաև Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության զարգացումը։

Մասնավորապես, Ումերովը Նորվեգիային հրավիրել է միանալ ուկրաինական պաշտպանական ձեռնարկությունների անմիջական ֆինանսավորմանը, ինչպես արդեն արել էր Դանիան։

Միաժամանակ, Ուկրաինայի պաշտպանության նախարարը Նորվեգիային հրավիրել է մարզել և տեխնիկա տրամադրել Ուկրաինայի զինված ուժերի մեկ բրիգադի։ Ներկայում նման նախաձեռնություն է իրականացնում Ֆրանսիան։