Անկախ հանձնաժողովը զեկույց է հրապարակել, որում նշվում է, որ ԱՄՆ Գաղտնի ծառայությունն «խորը թերություններ» ունի, որոնք շտապ պետք է շտկվեն, այլապես նախկին նախագահ և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հանրահավաքում տեղի ունեցածի նման ավելի շատ մահափորձեր կկրկնվեն, հայտնել է ВВС-ն:
Հուլիսի 13-ի մահափորձի հետաքննությամբ զբաղվող անկախ հանձնաժողովը հինգշաբթի հրապարակել է իր բացահայտումները և հայտարարել, որ կազմակերպությունը «բյուրոկրատական, ինքնագոհ և անփոփոխ» կառույց է դարձել:
Հանձնաժողովը 52 էջանոց զեկույցում կոչ է արել վերանայել սեփական ղեկավարությունը և հայտարարել, որ «մի շարք կոնկրետ ձախողումներ և խափանումներ» հնարավորություն են ընձեռել նախագահի հանրապետական թեկնածուի վրա մահափորձի համար:
Գաղտնի ծառայությունն արդեն ընդունել է սեփական ձախողումները, իսկ կառույցի տնօրենը մահափորձից շաբաթներ անց հրաժարական է տվել:
Գործակալության տնօրենի պաշտոնակատար Ռոնալդ Ռոուն հինգշաբթի տարածած հայտարարության մեջ նշել է, որ գործակալությունն ուշադիր կվերանայի նոր զեկույցը:
«Մենք արդեն զգալիորեն բարելավել ենք մեր պատրաստվածությունը, գործառնական և կազմակերպչական հաղորդակցությունը և ուժեղացված միջոցներ ենք ձեռնարկել նախկին նախագահին պաշտպանելու համար»,-նշել է նա:
Զեկույցում, որը պատրաստել են պետական և ազգային իրավապահ մարմինների պաշտոնյաները, փորձագետների խումբը գովաբանել է գործակալներին, որոնք վտանգում են իրենց կյանքը՝ պաշտպանելով երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից շատերին, սակայն նշել են ղեկավարության և մշակույթի մի շարք թերությունների մասին:
Այդ թերություններից են աշխատակիցների շրջանում «քննադատական մտածողության անհանգստացնող բացակայությունը» և «բացահայտ արտահայտվելու» դժկամությունը։ Զեկույցում նշվում է, որ գործակալության խնդիրները «համակարգային կամ մշակութային» են, և կոչ է արվում «հիմնարար բարեփոխումներ» անել՝ ընդհուպ՝ «հնարավորինս շուտ» պաշտոնանկ անել բարձրագույն ղեկավարության մի մասին:



























