Մեծ Բրիտանիան կմիանա եվրոպական երկրների՝ հեռահար հրթիռներ մշակելու ծրագրին, ըստ Reuters գործակալության՝ հինգշաբթի հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին։

Նա նշել է, որ նպատակը ուկրաինական պատերազմի արդյունքում առաջացած ռազմական պաշարների բացը լրացնելն է։

«Մենք հավատարիմ ենք Մեծ Բրիտանիայի հեռահար հրթիռների ծրագրին, պաշտոնական պարտավորություններին Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի և մի շարք այլ երկրների հետ միասին»,-Բրյուսելում ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ հանդիպման շրջանակում հայտարարել է Հիլին:

Սակայն նա չի հստակեցրել նախատեսվող զենքի հեռահարությունը կամ այլ մանրամասներ՝ հայտարարելով միայն, որ դրանք դեռ համաձայնեցված չեն։

«Սրանք ավելի մեծ հեռահարության զենքեր են, քան այն հնարավորությունները, որոնք մեզանից շատերն արդեն ունեն և կարող են օգտագործել»,-ասել է նա լրագրողներին՝ հավելելով, որ զարգացումը նաև ՆԱՏՕ-ի ջանքերի մի մասն է՝ ուժեղացնելու սեփական զսպումը և պաշտպանելու Եվրոպան:

Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովում Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Լեհաստանը ստորագրեցին նամակ 500 կմ-ից ավելի հեռահարությամբ հրթիռներ մշակելու մտադրության մասին: Այն ժամանակ ռազմական աղբյուրները նշում էին, որ նպատակը 1000-2000 կմ հեռահարությամբ նոր ցամաքային թևավոր հրթիռի մշակումն է, որը նման հնարավորությունների համար կհամապատասխանի ՆԱՏՕ-ի պահանջներին:

ԱՄՆ-ը և Գերմանիան նաև Վաշինգտոնում հայտարարեցին, որ 2026 թվականին կսկսեն ժամանակավորապես տեղակայել ամերիկյան հեռահար հրթիռներ գերմանական հողում, դրանց թվում՝ SM-6, «Տոմոհավկ» և հիպերձայնային զենքեր: