Հնդկական օվկիանոսի մի շարք երկրների մասնակցությամբ IMEX 2024 համատեղ ռազմածովային զորավարժությունների հիմնական փուլը տեղի կունենա առաջիկա օրերին Իրանի ռազմածովային ուժերի հարավային նավատորմի հովանու ներքո։
Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ զորավարժությունների նպատակն է ամրապնդել կայուն հավաքական անվտանգությունը և դրա հիմքերը տարածաշրջանում, ընդլայնել բազմակողմ համագործակցությունը մասնակից երկրների միջև և ցույց տալ այդ երկրների բարի կամքը և կարողությունը՝ համատեղ աջակցելու խաղաղությանը, բարեկամությանը և անվտանգությանը ծովում:
Զորավարժությունների այլ նպատակների թվում են՝ միջազգային ծովային առևտրի անվտանգության ամրապնդումը, միջազգային ջրերում ծովային հաղորդակցության գծերի պաշտպանությունը խաղաղության և բարեկամության հիման վրա, մարդասիրական գործողություններ, ծովային որոնողափրկարարական ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակում։
Զուգահեռաբար, ԱՄՆ ռազմածովային նավատորմը, ծովային հետևակի կորպուսը և առափնյա պահպանության ուժերը միացան Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմածովային ուժերին՝ Պարսից ծոցում ծովային զորավարժություններին մասնակցելու համար։
Ըստ ԱՄՆ ռազմածովային ուժերի մամուլի հաղորդագրության՝ «Iron Defender» («Երկաթե պաշտպան») զորավարժությունը կավարտվի հոկտեմբերի 24-ին:
«Ամերիկայի Ձայն»-ի տվյալներով՝ երկու երկրների զինվորականները ծովում կիրականացնեն մի շարք գործողություններ՝ օրինակ՝ վայրէջք նավի վրա, որոնողական և առգրավման գործողություններ, ջրասուզման գործողություններ, ափին տեղակայված օբյեկտների պաշտպանության եղանակներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի շահագործում.
Զորավարժություններն անցկացվում են ԱՄՆ ռազմածովային նավատորմի հինգերորդ նավատորմի պատասխանատվության գոտում, որը գործում է լայնարձակ ջրային տարածքում, ներառյալ Արաբական և Օմանի ծոցերը, Կարմիր ծովը, Հնդկական օվկիանոսի մի մասը, ինչպես նաև երեք ռազմավարական առումով կարևոր տարանցիկ վայրերը՝ Հորմուզի նեղուցը, Սուեզի ջրանցքը և Բաբ էլ-Մանդեբի նեղուցը:




























