Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը շաբաթ հայտնել է, որ Մերձավոր Արեւելքում հրադադարի հասնելը գերակայություն է, եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի սպանությունը իսրայելական զորքերի կողմից կարող է մեծացնել դրան հասնելու շանսերը։
«Սինվարի սպանությունից հետո նոր հեռանկար է բացվել, եւ մենք պետք է օգտագործենք այն հրադադարի հասնելու, (իսրայելցի) պատանդներին ազատելու եւ քաղաքական հեռանկարներ գտնելու համար»,- լրագրողներին ասել է Բորելը Նեապոլում «Մեծ յոթնյակի» պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։
Նա նաեւ հայտնել է, որ Լիբանանում ՄԱԿ խաղաղապահ առաքելությունը կարող է ուժեղացվել այն բանից հետո, երբ ենթարկվել էր գնդակոծության Իսրայելի եւ Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման միջեւ բախումների ընթացքում։
«ՄԱԿ ուժերը պետք է հարգանք վայելեն ամբողջ աշխարհում... գուցե Լիբանանում ՄԱԿ ժամանակավոր առաքելությունը պետք է վերանայվի, բայց առաջինը, ինչ պետք է անել, հրադադար հաստատելն է»,- ասել է Բորելը՝ ավելացնելով, որ դրանց վերաբերյալ որոշումները ընդունվելու են ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից։



























