Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի մարմինը կարող է օգտագործվել որպես «սակարկության մետաղադրամ»՝ Գազայում պահվող իսրայելցի պատանդներին ազատ արձակելու դիմաց, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իսրայելական աղբյուրները։

Սինվարի աճյունն այժմ պահվում է Իսրայելի գաղտնի վայրում՝ չորեքշաբթի Գազայի հարավում իսրայելական ուժերի կողմից նրա սպանությունից հետո, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Երկու աղբյուրներ CNN-ին հայտնել են, որ պատանդների ազատ արձակումը, հավանաբար, Իսրայելի առաջնահերթությունը կլինի Սինվարի աճյունն օգտագործելու հարցում որոշում կայացնելիս: Ավելի քան 100 պատանդներ, որոնք վերցվել էին ՀԱՄԱՍ-ի գլխավորած հարձակումների ժամանակ Գազայում գերի են մնում:

Իսրայելի իշխանություններն այժմ քննարկում են, թե ինչպես «արագ ճնշում գործադրել» ՀԱՄԱՍ-ի վրա՝ նրանց ազատ արձակելու համար, ասել է իսրայելական աղբյուրը:

«Եթե ՀԱՄԱՍ-ը ցանկանում է փոխանակել նրա աճյունը իսրայելցիների հետ՝ կենդանի կամ մահացած, ապա լավ է», - ասել է իսրայելական դիվանագիտական ​​աղբյուրը:

Իսրայելական աղբյուրը հայտնել է, որ պատանդների փոխանակումը, հավանաբար, Սինվարի աճյունը Գազա վերադարձնելու միակ միջոցն է:

«Հակառակ դեպքում նրա տրանսֆերը տեղի չի ունենա»,- ասել է աղբյուրը։ Դիվանագիտական ​​աղբյուրի համաձայն՝ Սինվարի աճյունի վերադարձը Գազա ցանկացած պարագայում կարող է հանգեցնել ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների միասնականությանը։ Եթե ​​Սինվարը թաղվեր Գազայում, ապա այդ վայրը կարող էր դառնալ հետևորդների սրբավայր, կանխատեսել է նաև աղբյուրը։