Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ, գրում է NewsGeorgia-ն։
«Հասարակությունը պառակտելու, անկարգություններ ու հեղաշրջումներ կազմակերպելու, պետության դեմ սաբոտաժի մշտական փորձերով նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից»,- հայտարարել է Իվանիշվիլին՝ ելույթ ունենալով Քութայիսիում կայացած նախընտրական հանրահավաքում։
Միևնույն ժամանակ, ըստ կուսակցության առաջնորդի, ընդդիմությունը փորձում է գործել «իր օտարերկրյա հովանավորների աջակցությամբ»։
«Հավաքական «Ազգային շարժումը», որն իրականում անհայրենիք հանցագործների վերջին ապաստանն է, դարձել է Վրաստանի երկարաժամկետ և կայուն զարգացմանը խոչընդոտող հիմնական գործոնը»,- հայտարարել է նա։
Իվանիշվիլին ընտրողներից խնդրել է սահմանադրական մեծամասնություն՝ «հավաքական «Ազգային շարժումը» և նրա օտարերկրյա հովանավորների ծրագրերը սաղմնային վիճակում ոչնչացնելու համար»։ Ըստ նրա, այդ ծրագրերի համաձայն, նրանք պետք է «վերադառնան իշխանության հեղափոխության և հեղաշրջման միջոցով, իսկ հետո Վրաստանը ներքաշեն պատերազմի մեջ»։
«Սահմանադրական մեծամասնություն ստանալուց հետո մենք կարգելենք այն երկրի ամենակարևոր իրավական փաստաթղթի մակարդակով և «Ազգային շարժումը» և նրա արբանյակ կուսակցություններին կամ հետևորդներին պատասխանատվության կենթարկենք օրենքի ողջ խստությամբ սեփական ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների,այդ թվում՝ պատերազմական հանցագործությունների համար»,- հայտարարել է իշխող կուսակցության առաջնորդը։
Ըստ Իվանիշվիլիի, հոկտեմբերի 26-ին Վրաստանի քաղաքացիները պետք է «պարզ ընտրություն» անեն «հավաքական արմատական ընդդիմության, որտեղ հավաքված են անհայրենիք դավաճանները» և «Վրացական երազանքի» միջև, որը «բարեկեցության և արժանի եվրոպական ապագայի երաշխավորն է»։
Նախորդ նախընտրական հանրահավաքների ժամանակ Իվանիշվիլին 2030 թվականն անվանել էր ԵՄ-ին երկրի անդամակցության վերջնաժամկետը: Քութաիսիում նա ավելի զգույշ է խոսել.
«Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- ասել է նա։
Հոկտեմբերի 17-ին ԵՄ ղեկավարները պաշտոնապես հայտարարել էին միությանը Վրաստանի անդամակցության գործընթացի կասեցման մասին։ Պատճառը նրանք անվանել են Վրաստանի կառավարության գործողությունները, որոնք հակասում են եվրոպական արժեքներին ու սկզբունքներին։ Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին ընդգծել է, որ «երկիրը չի դառնա Եվրամիության անդամ ոչ այսօր, ոչ վաղը, ոչ 2030 թվականին», եթե որոշեն այն վերածել «միակուսակցական պետության, որտեղ ընդդիմությունն արգելված է, իսկ քաղաքացիական։ հասարակությունը՝ վտարված»։




























