Մոլդովայում կիրակի անցկացվում են նախագահական ընտրություններ և հանրապետական ​​սահմանադրական հանրաքվե՝ Եվրամիությանն անդամակցելու հարցով։ Քվեարկությունը սկսվել է ժամը 07:00-ին և կավարտվի տեղական ժամանակով 21:00-ին, հայտնում է MOLDPRES-ը։

Ընտրություններն անցկացնելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) երկրում կազմակերպել է 1988 ընտրատեղամաս, որոնցից 30-ը՝ Դնեստրի ձախ ափի բնակիչների համար։ Ընդհանուր առմամբ, ընտրատեղամասերում աշխատելու է ավելի քան 25 հազար ընտրական հանձնաժողով։

Արտերկրում ընտրողները կկարողանան քվեարկել 228 ընտրատեղամասերում։

Այս ընտրությունների ընթացքում փոստով քվեարկել է ավելի քան 1340 քաղաքացի։

Մոլդովայի նախագահի պաշտոնին հավակնում է 11 թեկնածու։ Նրանց թվում են՝ «Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցության» առաջադրած Ալեքսանդր Ստոյանոգլոն, «Գործողություն և համերաշխություն» կուսակցության թեկնածու Մայա Սանդուն, «Մեր կուսակցության» կողմից առաջադրված Ռենատո Ուսատին, «Մոլդովայի ապագայի կուսակցության» թեկնածու Վասիլե Տարլևը։ 

Մյուս թեկնածուներն են «Մոլդովայի զարգացման և համախմբման կուսակցության» կողմից առաջադրված Իոն Չիկուն և մի խումբ քաղաքացիների կողմից առաջադրված Իրինա Վլախը։ Նրանց հաջորդում են մի խումբ քաղաքացիների կողմից առաջադրված Անդրեյ Նեստասեն և «ՄԻԱՍԻՆ» ընտրական դաշինքի թեկնածու Օկտավիան Ցիկուն։

Վերջին երեք թեկնածուներն են՝  անկուսակցական Վիկտորյա Ֆուրթունեն, Նատալյա Մորարը և Թուդոր Ուլյանովսկին։