Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի պաշտպանության նախարարները պայմանավորվել են արագացնել հաջորդ սերնդի կործանիչի համատեղ մշակումը և հայտարարել, որ կստեղծվի եռակողմ կառավարական կազմակերպություն՝ կործանիչներ արտադրող կողմերի հետ աշխատանքի համար, հաղորդում է Associated Press-ը։
2022 թվականին երեք երկրները պայմանավորվել էին նոր մարտական ինքնաթիռի համատեղ արտադրության մասին, որը պատրաստ կլինի տեղակայման 2035 թվականին՝ մարտական ավիացիայի գլոբալ ծրագրի կամ GCAP-ի շրջանակներում՝ Չինաստանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի աճող սպառնալիքների պայմաններում համագործակցությունն ամրապնդելու համար:
Հաջորդ սերնդի կործանիչը պետք է փոխարինի ճապոնական F-2-ը, որը մշակվել էր ամերիկյան և բրիտանական Tempest-ի հետ համատեղ:
Կիրակի օրը Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին իր բրիտանացի և իտալացի գործընկերներ Ջոն Հիլիի և Գվիդո Կրոզետի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ մինչև այս տարվա վերջ կստեղծվի GCAP միջազգային կառավարական կազմակերպություն (GIGO) կոչվող համատեղ մարմին՝ ինքնաթիռների ստեղծումը վերահսկելու համար։ Նախարարները հանդիպել են Նեապոլում G7-ի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում։
Նախագծին մասնակցում են մասնավոր հատվածի մի քանի ընկերություններ, այդ թվում՝ ճապոնական Mitsubishi Heavy Industries-ը, բրիտանական BAE Systems PLC-ն և իտալական Leonardo-ն:
GIGO ընկերությունը, որը տեղակայված կլինի Մեծ Բրիտանիայում և որը կգլխավորի ճապոնացի պաշտոնյան, վերահսկելու է ինքնաթիռի մշակման աշխատանքները:



























