ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոր հետաքրքիր հայտարարություն է արել։ Այս անգամ ԱՄՆ ղեկավարը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «բազմադարյա» հակամարտության շուտափույթ ավարտի հույս է հայտնել։
«Ես ուրախ եմ տեսնել, որ ձեր երկիրը եւ Հայաստանը հասել են կայուն առաջընթացի խաղաղության համաձայնագրի կքնման հարցում, որը կկարգավորի հարաբերությունները ձեր երկրների միջեւ։ Ուզում եմ հավաստիացնել Ձեզ, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել կայուն եւ արժանավայել խաղաղությանը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, որը վերջնականապես վերջ կդնի բազմադարյա հակամարտությանը»,- նշվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին Բայդենի ուղղած նամակում, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ «Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ապահովման հետ միասին՝ խաղաղության համաձայնագիրը կվերափոխի ողջ տարածաշրջանը՝ առեւտրի, ներդրումների եւ կապերի ընդլայնման ճանապարհ բացելով Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գոյությունն իսկ հարյուր տարուց մի փոքր ավելի է, ուստի խոսելու հարկ «բազմադարյա» հակամարտության» մասին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չկա։
Հիշեցնենք նաեւ, որ հավաքական Արեւմուտքի գլխավոր նպատակը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում Միջին միջանցքի նոր երթուղու բացումն է Հայաստանով։




























