ԱՄՆ-ի զինված ուժերը շտապ կարգով Իսրայելին հակահրթիռային պաշտպանության առաջադեմ համակարգ են մատակարարել, և այն այժմ «տեղում է», հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

Անդրմթնոլորտային մեծ բարձրության խափանման համակարգն (THAAD) ԱՄՆ զինված ուժերի հակաօդային պաշտպանության բազմաշերտ համակարգի կարևոր մասն է և լրացնում է Իսրայելի՝ առանց այն էլ հզոր հակահրթիռային պաշտպանությունը, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Օսթինը հրաժարվել է ճշտել՝ արդյոք համակարգը դրվել է մարտական հերթապահությա՞ն, թե՞ոչ, բայց հավելել է. «Մենք հնարավորություն ունենք այն շատ արագ շահագործման հանձնելու, և գնում ենք մեր ակնկալիքներին համընթաց»:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ THAAD-ի տեղակայումը և մոտ 100 ամերիկյան զինվորականների տեղակայումը նպատակ ունի պաշտպանել Իսրայելին, որն ուսումնասիրում է Իրանի դեմ հնարավոր պատասխան գործողությունները՝ հոկտեմբերի 1-ին Իսրայելի ուղղությամբ Թեհրանի՝ ավելի քան 180 հրթիռ է արձակելուց հետո: 

Մերձավոր Արևելքում պատերազմ հրահրելուց խուսափելու համար ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է անում ուշադիր ընտրել իր պատասխանը, նշել են պաշտոնյաները: Բայդենը հրապարակայնորեն դեմ է արտահայտվել Իսրայելի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածելուն և Իրանի էներգետիկ ենթակառուցվածքին հարվածելու հավանականության առնչությամբ մտահոգություն է հայտնել։

Անցյալ շաբաթ Բայդենն հայտարարել է, որ լավ է հասկանում, թե երբ և ինչպես Իսրայելը կհարձակվի Իրանի վրա: Սակայն նա միաժամանակ նշել է, որ փոխադարձ հարձակումներին վերջ տալու հնարավորություն է տեսնում։

Օսթինը դժվարացել է հստակ ասել՝ ինչպիսին կլինի իսրայելական հարվածը: «Ի վերջո, դա Իսրայելի որոշումն է». Իսրայելցիները դա համարժեք կհամարեն, թե ոչ, և ինչպես կընկալեն իրանցիները, երկու տարբեր բաներ են»,-նշել է Պենտագոնի ղեկավարը:

«Մենք կշարունակենք անել մեր ուժերի ներածին չափով անել հնարավորը՝ լարվածությունը նվազեցնելու և երկու կողմերին դա խրախուսելու համար»,- հավելել է նա։