Հայաստանի ՆԳՆ-ում հաստատում են կիբեռհանցագործությունների բազմակի աճը վերջին տարիներին։
Ինչպես տեղեկացրել է ԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանը, եթե 2019-20թթ. գրանցվել էր մոտ 300 նման հանցագործություն, ապա 2022-23թթ. այդ ցուցանիշը գերազանցել է 1 000-ը, եւ աճը շարունակվում է։
«Վերջին չորս տարիներին ամբողջ աշխարհում գրանցվում է նման հանցագործությունների թվի աճ։ Դա կապված է այն բանի հետ, որ համավարակից հետո շատերն անցան հեռավար աշխատանքի։ Միեւնույն ժամանակ, ի հայտ եկան նոր տեխնոլոգիաներ, օրինակ՝ ԱԲ-ը, ինչը թույլ է տալիս խարդախներին ընդլայնել իրենց հնարավորությունները»,- նշել է Հայկ Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ վերջին երկու տարիների իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ գերակշռում են «ներդրումային» խարդախությունները, երբ քաղաքացիներին գովազդի միջոցով, այդ թվում սոցցանցերում, առաջարկում են ներդրումներ կատարել մեծ տոկոսներով՝ խոստանալով կարճ ժամկետում հսկայական շահույթ։ Ընդ որում՝ խոսքը նաեւ կրիպտոարժույթների վաճառքի մասին է։
Անձնական տվյալների հափշտակման առումով կանխարգելումը արդյունք է տվել, եւ նման հանցագործությունները խիստ կրճատվել են։ Ացյալում խարդախները մարդկանց «մոլորեցնում» էին՝ ներկայանալով որպես բանկի աշխատակիցներ եւ պահանջելով գաղտնաբառերն ու կոդերը։ Հիմա մեծ մասն սկսել է զգուշություն ցուցաբերել եւ որպես կանոն խայծը կուլ չի տալիս։
«Խարդախներն սկսել են ակտիվորեն օգտագործել ԱԲ-ը հայտնի անձանց ձայները եւ արտաքինը կեղծելու համար։ Հանցագործներին արդեն հաջողվում է սինքրոնացնել շրթունքների շարժումն ու տեքստը։ Այսպես ստեղծում են հատուկ կայքեր եւ հոլովակներ, դուրահավատ քաղաքացիները հավատում են, ներդրումներ կատարում եւ դառնում խարդախների զոհը։ Անգամ եղել է ոստիկանության հոլովակը կեղծելու դեպք։ Ի ուրախություն մեզ, ոչ ոք նրանց չի հավատացել»,- տեղեկացրել է բաժնի պետը։
Ամենամեծ հափշտակված գումարը գերազանցել է մեկ միլիոն դոլարը։ Խարդախները կարողացել են կոտրել եւ հափշտակել կրիպտոարժույթ։ Եղել է դեպք, երբ խարդախները կարողացել են համոզել դյուրահավատ քաղաքացուն ավելի քան հարյուր հազար դոլարի ներդրում կատարել։ Փողերը քաղաքացին կորցրել է։
Հայկ Մկրտչանի խոսքով՝ Հայաստանում առավել տարածված են կիբեռհանցագործությունների երեք տեսակներ։ Դրանք են արդեն նշված «ներդրումները», անձնական տվյալների ֆիշինգը եւ աշխատանքի առաջարկը, երբ խարդախները իբր շահավետ աշխատանք են առաջարկում եւ խնդրում մտցնել բանկային քարտի տվյալները։
«Կիբեռհանցագործությունների զոհ կարող են դառնալ բոլոր տարիքի եւ մասնագիտությունների տեր մարդիկ։ Մի դեպքում հանցագործները գործում են ավելի անկաշկանդ, իսկ մյուս դեպքում, եթե մարդն ընդարձակ գիտելիքներ ունի համակարգչային ոլորտում, ավելի նրբորեն»,- նշել է Մկրտչյանը։ Բացահայտման մասին ՆԳՆ ներկայացուցիչը մանրամասն չի խոսել՝ վկայակոչելով այն, որ թվերը չեն արտացոլում կատարված վիթխարի աշխատանքը։
Մկրտչյանը քաղաքացիներին կոչ է արել հասկանալ, որ համացանցում անհնար է մեծ փողեր աշխատել կարճ ժամկետում, ոչինչ չանելով, եւ ստանալ գերշահույթ։ «Այն բոլոր կայքերը եւ մարդիկ, որոնք նման բան են առաջարկում, ամենայն հավանականությամբ խարդախներ են։ Զանգերը բանկերից կոդի պահանջով՝ նույնպես։ Անհրաժեշտ է վերազանգահարել բանկ եւ հարցնել, թե իսկապես այնտեղից են զանգել։ Առհասարակ, չի կարելի տալ վարկային քարտի թվերը, նշանաբառերն ու կոդերը»,- խորհուրդ է տվել բաժնի պետը։
Պատասխանելով բանկային քարտերի նոր դիզայնի մասին հարցին, որտեղ CVV-ն դիմերեսին է, Մկրտչյանն ասել է, որ քաղաքացին ինքն է առաջին հերթին պարտավոր հետեւել իր տվյալների պահպանմանը։





























