Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին հայտնել է, որ Վրաստանի եւ ԵՄ հարաբերությունները պատմական նվազագույն մակարդակում են, երկրի եվրաինտեգրման գործընթացը դադարեցված է։ Նա նորից հայտնել է, որ ԵՄ ղեկավարները հստակ հասկացրել են. դեպքերի նման զարգացումը Վրաստանի իշխանությունների գործողությունների արդյունքն են, տեղեկացրել է SOVA-ն։
«Ինչպես գիտեք, Վրաստանի եւ ԵՄ հարաբերությունները, ցավոք, պատմական նվազագույն մակարդակում են, Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը դադարեցված է։ ԵՄ ղեկավարները հստակ հասկացրել են, որ դա Վրաստանի իշխանությունների գոծողությունների արդյունքն է։
Ինձ համար շատ տխուր է տեսնել, որ մյուս երկրներն առաջ են ընթանում ԵՄ-ին ինտեգրման առումով, իսկ Վրաստանը հեռանում է ԵՄ-ից, ավելի մոտենալու փոխարեն։
Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Մոլդովայում։ Մարդիկ հանրաքվեում քվեարկեցին ԵՄ-ին անդամակցության մասին, բայց կարեւոր է յուրաքանչյուր ձայն։ Ակտիվությունը շատ ցածր էր, այնպես որ դուրս եկեք եւ քվեարկեք, քվեարկեք ձեր ապագայի եւ ձեր երեխաների ապագայի համար»,- ասել է դեսպանը։
Գերչինսկին Վրաստանի քաղաքացիներին կոչ է արել գնալ հոկտեմբերի 26-ի ընտրություններին եւ ընդգծել, որ ամեն բան իրենց՝ քաղաքացիների ձեռքում է։
«Եվրամիությունը բարձր եւ հստակ հայտնել է, որ անցած տարվա դեկտեմբերին մենք որոշեցինք բացել դուռը Վրաստանի համար, մենք սպասում ենք ձեզ, բայց դուք պետք է անցնեք այդ դռնով, ոչ ոք դա չի անի ձեր փոխարեն։ Դա ձեր ընտրությունն է»,- ասել է դեսպանը։




























