Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը երեքշաբթի գործող կանցլեր Կառլ Նեհամերին հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել, երբ մյուս բոլոր կուսակցությունները հրաժարվել են համագործակցել անցյալ ամիս առաջին անգամ համապետական ​​ընտրություններում հաղթած ծայրահեղ աջ Ազատություն կուսակցության առաջնորդի հետ,  հայտնում է Reuters գործակալությունը։

Ավանդաբար պետության ղեկավարն ամենաուժեղ կուսակցության ղեկավարին խնդրում է կառավարություն ձևավորել։ Սակայն այս անգամ Ավստրիայի նախագահը հրաժարվել է այդ ավանդույթից, քանի որ սեպտեմբերի 29-ի խորհրդարանական ընտրությունները երկիրը փակուղի են մտցրել։

Ով էլ գլխավորի հաջորդ կառավարությունը, խորհրդարանական մեծամասնություն ստանալու համար պետք է կոալիցիա ստեղծի: Սակայն Նեհամերի պահպանողական Ավստրիական ժողովրդական կուսակցությունը հայտարարել է, որ առաջնորդ Հերբերտ Քիկի օրոք չի համագործակցի Ազատության կուսակցության հետ: Նոր խորհրդարանի երեք այլ կուսակցություններ էլ հայտարարեցլ են, որ առհասարակ չեն համագործակցի «Ազատություն» կուսակցության հետ։ Իսկ Քիկը հայտարարել է, որ Ազատություն կուսակցությունը կառավարություն է մտնելու միայն կանցլերի պաշտոնով հանդերձ։