ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը պաշտպանել է Ուկրաինայի համար արեւմտյան զենքով հեռահար հարվածներ հասցնելու սահմանափակումները եւ պնդել, որ Ուկրաինան կարող է Ռուսաստանին հաղթել առանց նման պոտենցիալի։ Այս մասին նա ասել է Fox News-ի հարցազրույցում։
Օսթինը նշել է, որ Ռուսաստանն արդեն հանել է ինքնաթիռները, որոնք օգտագործում էր կառավարվող ավիառումբերով հարվածներ հասցնելու համար, ATACMS համակարգերի գործողության սահմաններից։
«Ես կարծում եմ, որ նրանք (ուկրաինացիները) հնարավորություն ունեն շարունակել մեծ հեռավորության հարվածները, եւ նրանք դա կանեն»,- ասել է Օսթինը։ «Ուկրաինան շատ հնարավորություններ ունի, որոնք մենք տրամադրել ենք դրոնների մասով»,- ավելացրել է նա։
Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ ուկրաինացիները նաեւ հնարավորություն ունեն արտադրել իրենց սեփական անօդաչուները։ «Դրանք շատ արդյունավետ են։ Իրականում մենք տեսանք, թե ինչպես են նրանք գրոհում կամ գործողություն իրականացնում սահմանից մոտ 400 կլիոմետր եւ ավելի մեծ հեռավորությունից...»,- ասել է նա։
Նա նաեւ հավաստիացրել է, որ հավատում է Ուկրաինայի հաղթանակին, եւ առաջարկել է հաղթանակի իր սահմանումը։ «Ուկրաինան հաստատ կարող է հաղթել։ Եվ մենք այդ հաղթանակը սահմանում ենք որպես ինքնիշխան պետություն, որը կարող է պաշտպանել իր տարածքը եւ զսպել ագրեսիան ապագայում»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։
ԱՄՆ պաշտպանության նախարարը չի ճշտել, թե արդյոք դա նշանակում է, որ ուկրաինական տարածքը պետք է որոշվի այն սահմաններով, որոնք գոյություն են ունեցել մինչեւ 2022թ., թե Ուկրաինան կհրաժարվի Ռուսաստանի զավթած տարածքներից խաղաղության դիմաց։



























