Ադրբեջանի Միլլի Մեջլիսը սաստիկ վիրավորվել է Եվրախորհրդարանից՝ «Իրավիճակն Ադրբեջանում, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումներ և Հայաստանի հետ հարաբերություններ» բանաձևի ընդունման առնչությամբ։

«Մենք կտրականապես մերժում ենք Ադրբեջանն առնչվող Եվրախորհրդարանի որոշումը»,- ասված է Միլի Մեջլիսի մեկնաբանության մեջ. «Այս ինստիտուտը, դիրքավորվելով իբրև եվրոպական պառլամենտարիզմի դեմք, մի կողմ է թողել հին մայրցամաքի բոլոր խնդիրները և վերստին հարձակվում է մեր երկրի վրա»:

Այլ փաստարկներ չունենալով՝ Միլլի Մեջլիսում հիշեցրել են Հայաստանի «մեղքերի» մասին և թվարկել մեղադրանքների ամբողջ հայտնի լրակազմը։ «Ադրբեջանին ուղղված մի շարք փաստաթղթեր պարունակում են փաստեր, անհեթեթ հայտարարություններ, մեղադրանքներ, սպառնալիքներ և կեղծ տեղեկությունների վրա հիմնված պահանջներ։ Բացահայտ անհարգալից վերաբերմունք կա մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, փորձեր են արվում միջամտել մեր ներքին գործերին։ Միաժամանակ առանձնահատուկ հոգատարություն է դրսևորվում Հայաստանի նկատմամբ, խրախուսվում է նրա սպառազինությունը՝ դրանով իսկ առաջ քաշելով լուրջ նախաձեռնություն՝ ամրապնդելու այդ երկրում ռևանշիստական ​​միտումներն ու հրահրելու հակամարտությունը տարածաշրջանում»,- ընդգծվում է Միլլի Մեջլիսի մեկնաբանության մեջ։

Հայտարարելով, թե «Ադրբեջանի հետ ճնշումների և վերջնագրերի լեզվով չի կարելի խոսել», օպուսի հեղինակներն ակնարկում են եվրոպացի պատգամավորներին կաշառելու մասին։