Հյուսիսային Կորեայից աղբով բեռնված փուչիկը հինգշաբթի երկրորդ անգամ ընկել է Սեուլի կենտրոնում տեղակայված նախագահական նստավայրի վրա՝ Հարավային Կորեայի առանցքային օբյեկտների խոցելիության վերաբերյալ մտահոգություն առաջացնելով, հաղորդում է Associated Press-ը:

Հարավային Կորեայի նախագահական նստավայրի վրա հինգշաբթի առավոտյան հյուսիսկորեական փուչիկներից մեկի պայթելու ժամանակ գետնին թափված աղբի մեջ վտանգավոր առարկաներ չեն հայտնաբերվել, ասված է Հարավային Կորեայի նախագահի անվտանգության ծառայության հայտարարության մեջ։

Մայիսի վերջից Հյուսիսային Կորեան պլաստմասի և թղթի թափոններով աղբի տոպրակներով բեռնված հազարավոր փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեա՝ սառը պատերազմի ոճի նորացված հոգեբանական արշավի շրջանակում: Հուլիսին Հարավային Կորեայի նախագահի նստավայրի վրա թափված աղբը ևս վտանգավոր նյութեր չի պարունակել։

Հայտնի չէ՝ վերջին միջադեպի ժամանակ համալիրում է եղել արդյոք Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը։ Հինգշաբթի ավելի ուշ նա իր աշխատասենյակում հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։ Հարավկորեական լրատվամիջոցները հաղորդում են, որ հյուսիսկորեական թռուցիկներ, որոնք քննադատում են Յունին և նրա կնոջը՝ Կիմ Կեոն Հիին, հինգշաբթի հայտնաբերվել են Սեուլի Յոնսան թաղամասում, որտեղ հաստատված է Յունի նախագահական գրասենյակը։

Լրատվամիջոցները հրապարակել են որոշ թռուցիկների լուսանկարներ, որոնցում Կիմը նկարագրվում է իբրև 1793 թվականին Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ գլխատված նորաթուխ Մարի Անտուանետա թագուհի:

Հաղորդագրություններում նշվում է, որ դա հինգ ամսվա ընթացքում առաջին դեպքն է, երբ աղբով բեռնված փուչիկների հետ Հյուսիսային Կորեայի քարոզչական թերթիկներ են հայտնաբերվել Հարավային Կորեայում: Հարավային Կորեայի նախագահի անվտանգության ծառայությունը չի հաստատել այդ տեղեկությունը։ Սակայն Հարավային Կորեայի միացյալ շտաբի պետը ավելի ուշ Հյուսիսային Կորեային կոչ է արել դադարեցնել Հարավային Կորեայի նախագահին զրպարտող «կոպիտ թռուցիկներ» տարածելը, զգուշացնելով, որ Փհենյանը ցանկացած հետևանքների համար պատասխանատվության է ենթարկվելու: