Բուլղարիայում նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի աջ կենտրոնամետ ԳԵՐԲ կուսակցությունը առաջատարն է արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որոնք կայացել են կիրակի։ ԿԸՀ այս տվյալները ներկայացնում է БНР-ն։

82,42 տոկոս ընտրաթերթիկների հաշվարկը վկայում է, որ ԳԵՐԲ-ը ստացել է ընտրողների 26,08 տոկոսը։

Երկրորդ արդյունքը ռուսամետ «Վերածնունդ» կուսակցությանն է՝ 13,81 տոկոս։ Հաջորդում են «Շարժում հանուն իրավունքի եւ ազատության – նոր սկզբնավորումներ» կուսակցությունը՝ 10,35, Բուլղարիայի սոցիալիստական կուսակցությունը՝ 7,75, «Դաշինք հանուն իրավունքի եւ ազատության»-ը՝ 7,14, «Կա այսպիսի ժողովուրդ»-ը՝ 7,02 տոկոս։

Բուլղարիայի խորհրդարան են անցել նաեւ երկու նոր կուսակցություններ՝ ԲՄՊ-ն («Բարոյականություն, միասնություն, պատիվ»), որը դեմ է Ուկրաինային աջակցելուն, հավաքել է 4,70 տոկոս, ինչպես նաեւ աջ պոպուլիստական «Վեհություն» կուսակցությունը՝ 4,13 տոկոս։

Մեկնաբանելով կոալիցիայի ստեղծման հնարավորությունը՝ հաղթող կուսակցության առաջնորդ Բոյկո Բորիսովը հայտնել է, որ կոալիցիայի գծով պոտենցիալ գործընկերներ կարող են դառնալ բոլոր կուսակցությունները՝ «Վերածննդից» բացի։

Մինչեւ կիրակի վերջին մի քանի տարիներին Բուլղարիան ունեցել է վեց խորհրդարանական ընտրություններ, որոնք տեղի են ունեցել 2021թ. ապրիլին, 2021թ. հունիսին, 2021թ. նոյեմբերին, 2022թ. հոկտեմբերին, 2023թ. ապրիլին եւ 2024թ. հունիսին։