Կանադայի արտգործնախարարությունը Վրաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել։

«Որպես Վրաստանի բարեկամ, գործընկեր և երկարամյա աջակից՝ Կանադան նշում է 2024 թվականի հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների՝ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական արդյունքները։

Սակայն Կանադան անհանգստացած է ընտրողների ահաբեկման տարածված դեպքերի, ձայների գնման և ընտրությունների օրվա այլ խախտումներով, որոնք արձանագրել են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատություններն ու մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) և այլ անաչառ դիտորդներ: Դա անհրաժեշտ է հետաքննել և միջոցներ ձեռնարկել:

Համաձայնեցվելով G7-ի և եվրոպացի մեր գործընկերների հետ և հաշվի առնելով այս ընտրությունների անցկացումը և արդյունքները, Կանադան կվերանայի իր հարաբերությունները Վրաստանի ղեկավարության հետ: Կանադան բաց է Վրաստանի հետ համագործակցության համար, քանի դեռ Վրաստանի ղեկավարությունը հարգում է ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և անդրադառնում է ժողովրդավարության վերջին հետընթացին:

Կոչ ենք անում բոլոր կողմերին հանգստություն պահպանել, իսկ Վրաստանի իշխանություններին՝ խաղաղ ցույցերի ժամանակ հարգել մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ։