Նոյեմբերի 4-ին, ժամը 14:00-ին, ՀՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կքննվի Ավո ՖՄՀ և Օլիմպ ԱԿ-ի միջև «Պայմանագիր կնքելուն հարկադրելու, զբաղեցրած տարածքից վտարելու և անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու» պահանջով գործը դատավոր՝ Տիգրան Գրիգորյանի նախագահությամբ: Այս մասին հայտնում է Օլիմպ ԱԿ-ի ներկայացուցիչ Արշավիր Ղուկասյանը:
«2011թ-ի օգոստոսին, Երևանի կենտրոնում քանդեցին Աբովյան 4 հասցեում գտնվող Օլիմպ ԱԿ-ին պատկանող եռահարկ շենքը (Միլանո խանութը)։ Գործընթացն իրականացվեց «Ավո ՖՄՀ»-ի սեփականատեր Ավետիս Կարագուլյանի կողմից՝ առանց դատական վճռի, եւ առանց անվտանգության նվազագույն միջոցներ ձեռնարկելու։
Այս ապօրինի գործողությունից մեկ տարի առաջ, 2010 թվականին, Օլիմպ ԱԿ-ն հարկադրաբար վտարվել էր Աբովյան 4 հասցեում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող տարածքից։ Գործընթացն ուղեկցվել էր բազմաթիվ իրավական խախտումներով, որին մասնակցել էին նաեւ պետական տարբեր մարմիններ։
Օլիմպ ԱԿ-ին զրկեցին իր տարածքից, բռնագրավեցին Օլիմպ ԱԿ-ին պատկանող հարյուր հազարավոր դոլարների ապրանքը՝ պատճառելով հսկայական նյութական և բարոյական վնասներ։ Սա Ավետիս Կարագուլյանի գործելաոճն էր, ով կառուցապատման պատրվակով «զավթել էր» Երևանի կենտրոնում գտնվող հսկայական տարածքներ՝ ոմանց խաբելով, ոմանց սպառնալով, եւ խլելով մարդկանց ունեցվածքն ու զրկելով նրանց տնից, բիզնեսից:
Տասնչորս տարիների ընթացքում Օլիմպ ԱԿ-ն բազմաթիվ դատական գործեր է ներկայացրել ՀՀ տարբեր դատարաններ, սակայն բոլոր դատական վճիռներում արձանագրվել են կոպիտ իրավախախտումներ, եւ դատական գործընթացներն իրականացվել են կոռուպցիոն դրսևորումներով։
Տասներեք տարի, Օլիմպ ԱԿ-ի գործը քննվում էր Մարդու իրավունքների Եվրոպական Դատարանում (ՄԻԵԴ): 2023 թվականին ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց, որ Օլիմպ ԱԿ-ի սեփականության օտարումը հակասահմանադրական է, եւ առաջարկ ուղարկեց ՀՀ կառավարությանը՝ վերանանայելու գործն ու շտկելու իրավախախտումները։ ՄԻԵԴը հետեւում է գործընթացին, եւ եթե Հայաստանում դատական գործընթացում կրկին իրավախախտումներ գրանցվեն, գործը կվերադառնա ՄԻԵԴ, որտեղ եւ կկայացվի վերջնական որոշում։ Այս դեպքում, Օլիմպ ԱԿ-ին ապօրինաբար ունեզրկելու համար փոխհատուցում տրվելու է կառավարության բյուջեից։
Այս օրերին, ՄԻԵԴ-ի պահանջով, Օլիմպ ԱԿ-ի գործը լսվում է ՀՀ առաջին ատյանի դատարանում: Օլիմպ ԱԿ-ի ներկայացուցիչները մտահոգիչ են համարում այն հանգամանքը, որ դատական գործի նախապատրաստական փուլում, դատավոր Տիգրան Գրիգորյանը անտեսելով «Գնահատման գործունեության մասին» նոր ընդունված ՀՀ օրենքը, հիմք ընդունեց բացահայտ անթույլատրելի ապացույցը որպես օրինական։
Հույս ունենք՝ Օլիմպ ԱԿ-ի նկատմամբ կրկին չի ընդունվի անօրինական վճիռ, եւ դատավոր Տիգրան Գրիգորյանը հավատարիմ կմնա արդարադատություն սահմանողի իր առաքելությանը։ ՀՀ դատական համակարգի համար սա հնարավորություն է ուղղելու նախկինում թույլ տրված սխալները՝ կանխելով, որ ՀՀ բյուջեն վճարի Ավետիս Կարագուլյանի ապօրինությունների համար։
Մասնավոր սեփականության պաշտպանությունը ժողովրդավարական ինստիտուտների կայացման գրավականն է և հայցում են լրատվամիջոցների, հասարակության և պետական մարմինների ուշադրությունն այս դատական գործընթացի նկատմամբ։
Խնդրում ենք, որպեսզի լրագրողները ներկա գտնվեն դատական նիստին՝ միասնաբար գործելու արդարադատության համակարգի զորացման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։



























