Ճապոնիայում կառուցված փայտե արբանյակն աշխարհում առաջին անգամ արձակվել է տիեզերք ամերիկյան Space X ընկերության առաքելության շրջանակում։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը։
Նրա տեղեկացմամբ՝ LignoSat փայտե արբանյակը, որն ստեղծել է Կիոտոյի համալսարանը, Միջազգային տիեզերակայան կհասցվի Երկրի մակերեւույթից 400 կմ բարձրության վրա։ Գործակալությունը նշել է, որ այդ առաքելության նպատակը «վերականգնվող նյութերի տիեզերական պոտենցիալի ցուցադրումն է»։ «Փայտի օգնությամբ մենք կկարողանանք տներ կառուցել, ապրել եւ աշխատել տիեզերքում ընդմիշտ»,- ասել է աստղագնաց (Կիոտոյի համալսարան) Տակաո Դոին։ Առաջիկա 50 տարում նա եւ իր թիմը նախատեսում են ծառեր տնկել եւ փայտե տներ կառուցել Լուսնի եւ Մարսի վրա։
Կիոտոյի համալսարանի պրոֆեսոր Կոջի Մուրատի գնահատմամբ՝ փայտը պետք է ավելի մեծ ամրություն ցուցաբերի տիեզերքում, քան Երկրի վրա, ջրի եւ թթվածնի բացասական ազդեցության բացակայության պատճառով։ Տակաո Դոին իր հերթին կարծում է, որ ապագայում «մետաղական արբանյակները» պետք է արգելվեն։ Առաքելության հաջողության դեպքում նա մտադիր է առաջարկել SpaceX-ին շարունակել փայտե արբանյակների արձակումը տիեզերք։




























