Երեւանի Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում երեխաները վերարկուներով են նստում դասին, չնայած դպրոցում ջեռուցում կա: Այս մասին հայտնեց NEWS.am-ի խմբագրություն ահազանգած այդ դպրոցի ծնողներից մեկը, ում երեխաները հաճախում են այդտեղ: Ավելին` վերջերս նրա երեխաներից մեկը հիվանդացել էր, հավանաբար մրսել էր: Ծնողը, ով ցանկացավ անանուն մնալ, պատմեց, որ դպրոցում ջեռուցման համակարգը ցածր աստիճանի վրա են դնում, որպեսզի քիչ գումար վճարեն. «Քանի որ շաբաթ-կիրակի դաս չկա, այդ օրերին դպրոցը չի ջեռուցվում, միացնում են երկուշաբթի ու թույլի վրա են դնում, միայն երեքշաբթի դպրոցը մի փոքր գոլանում է: Չե՞ն կարող կիրակի գիշերը միացնել, կամ բարձր աստիճանի վրա դնել, երեխաների վրա էկոնոմիա՞ են անում»,- դժգոհեց ծնողը:

Ահազանգի հետ կապված փորձեցինք մեկնաբանություն ստանալ Երեւանի Նար-Դոսի անվան թիվ 144 դպրոցի տնօրեն Արուսյակ Բարսեղյանից: Նա նշեց, որ դպրոցն ամբողջությամբ ջեռուցվում է կաթսայատնով. «Մեր կաթսայատունն է աշխատում, այն ունի ռեգուլյար ջերմաստիճան, բոլոր դասարաններում երեխաները հանել են վերարկուները, նույնիսկ որոշ դասարաններում պատուհաններ են բացում այնքան տաք է»,- ասաց նա` հավելելով, որ բոլոր դասասենյակներում կան սեկցիաներ, սանէպիդկայանից ամեն օր գալիս են ջերմաչափում անում,: Օրինակ` այսօր, նրա խոսքով, դպրոցի ջերմաստիճանը 20-21 է եղել:

«Շաբաթ եւ կիրակի օրերին, քանի որ դպրոցում դաս չկա, բնականաբար ես հո հիմար չե՞մ դնեմ 100-ի վրա, բայց ընդհանրապես անջատել էլ չեմ կարող, որովհետեւ եթե սեկցիան սառեց, կտրաքի: Ըստ երեւույթին` երկուշաբթի օրն առավոտյան եղել է, որ ջեռուցումը չի հասցրել նորմալ աստիճանի գալ: Դպրոցի շենքը, պատերը երեխեքի շնչից էլ է չէ՞ տաքանում, իսկ մնացած օրերին շատ տաք է»,- նշեց տնօրենը: Մեզ ահազանգած ծնողը նշել էր նաեւ, որ որոշ դասասենյակներում այնքան ցուրտ է լինում, որ նույնիսկ «պլիտաներ» են միացնում, իսկ տնօրենը նշեց, որ  «պլիտաներով» դպրոցը ջեռուցում էին մինչ նոյեմբերի 15-ը` կաթսայատունը միացնելը: