Ադրբեջանի ու Թուրքմենստանի արմատացած անվստահությունն ու աշխարհաքաղաքական հավակնությունները խանգարում են նավթային Սերդար-Քյափազ հանքավայրի համատեղ շահագործմանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել իտալացի քաղաքագետ, Կամերինո համալսարանի աշխատակից Ֆաբիո Ինդեոն: Կասյան ավազանի Սերդար-Քյափազ հանքավայրի պաշարները, որոնք երկու երկրների միջեւ վեճի առարկա են, գնահատվում են 50 մլն տոննա նավթ: Թեեւ երկու երկրներն էլ շահագրգռված են այդ հանքավայրի նավթի արդյունահանմամբ, սակայն անհամաձայնությունները թույլ չեն տալիս տեսանելի ապագայում շահագործել հանքավայրը:

Բաքու-Ջեյհան նավթատարով մատակարարումներին մասնակցելու (նույնիսկ փոքր ծավալներով) Թուրքմենստանի որոշումը կարող է նշանակել քայլ առաջ Կասպյան ավազանի հանքավայրերը համատեղ շահագործելու հարցում:

Ավելին, երկու երկրների համագործակցության ընդհանուր շահերը միավորելու գործին էր լծվել Եվրամիությունը, որը փորձել էր եռակողմ համաձայնագիր կնքել Բաքվի ու Աշխաբադի հետ` Հարավային էներգետիկ միջանցքի վերաբերյալ:

Այդուհանդերձ, ըստ Ինդեոյի, այդ հեռանկարի իրականացման համար մի քանի խոչընդոտներ կան: Առաջինը աշխարհաքաղաքական հարցերն են, այդ թվում Ռուսաստանի ավանդական դերն ու ազդեցությունը էներգետիկ սեկտորում, մինչ օրս Կասպյան ավազանի անորոշ կարգավիճակը, երկրորդ. երկկողմ խնդիրները, երբ կողմերից յուրաքանչյուրը ձգտում է արտոնություններ ունենալ ԵՄ-ի հետ գործընկերության հարցում, լավ հասկանալով Բրյուսելի համար էներգամատակարարումների դիվերսիֆիկացման ռազմավարական առաջնահերթությունը: Երկու երկրներն էլ այս վիճակից ուզում են առավելագույն օգուտ ստանալ, նշել է փորձագետը:

Ադրբեջանի դիրքորոշումն ավելի շահավետ է` հաշվի առնելով նրա «տարանցիկ» աշխարհագրական դիրքը, այն դեպքում, երբ Թուրքմենստանի` Եվրոպայի հետ համագործակցության միակ երթուղին անցնում է Ադրբեջանի տարածքով, ընդգծել է իտալացի մասնագետը:

Նշենք, որ հաշվի առնելով երկու երկրների նավթի պաշարները, տվյալ հանքավայրը կարող է ավելի մեծ կարեւորություն ունենալ Թուրքմենստանի, քան Ադրբեջանի համար: Սերդար-Քյափազի պաշարները կազմում են 365 մլն բարել: Ըստ ԱՄՆ-ի էներգետիկ տեղեկատվության վարչակազմի տվյալների, 2009-ի դրությամբ, Ադրբեջանի պաշարները կազմում են 7 մլրդ բարել նավթ, այն դեպքում, երբ Թուրքմենստանինը կազմում են 0,6 մլրդ բարել:

Միաժամանակ Թուրքմենստանի գազի պաշարներն ավելի շատ են: Այսպես. 2011-ի հունվարի 1-ի դրությամբ, Թուրքմենստանի գազի պաշարները կազմում են 7,5 տրլն խմ, իսկ Ադրբեջանինը` միայն 849,5 մլրդ խմ: