2009թ. նոյեմբերի 9-ին ձեւավորված Լիբանանի կառավարությունում արդյունաբերության (ճարտարարվեստի) նախարարի պաշտոնը զբաղեցրել է լիբանանյան ծագումով հայ Աբրահամ Դեդեյանը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Բեյրութից:

Աբրահամ Կարապետի Դեդեյանը ծնվել է 1939թ. հոկտեմբերի 28-ին: Ավարտել է Հայկական բողոքական դպրոցը, ճարտարապետություն է սովորել Բեյրութի Ամերիկյան համալսարանի ճարտարապետական ֆակուլտետում: Եղել է Սիրիայի կենտրոնական բանկի գլխավոր ճարտարապետը: Դեդեյանը Մերձավոր Արեւելքի խոշորագույն շինարարական ընկերություններից մեկի՝ Dedeyan development company-ի սեփականատերն է: 1996-2000թ.թ. լիբանանյան խորհրդարանի պատգամավոր է, որեւէ կուսակցության անդամ երբեւէ չի եղել: Այս տարի առաջադրվել է պաշտոնի՝ «մարտի 8» դաշինքի կողմից, որտեղ ներկայացված է նաեւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը:

Ինչպես արդեն հաղորդել է NEWS.am-ը, նախօրեին Լիբանանում տեւական եւ լարված քաղաքական գործընթացից հետո ձեւավորվել է ազգային միասնության կառավարություն: վարչապետ է դարձել Սաադ Հարիրին՝ 2005թ. սպանված վարչապետ Ռաֆիկ Հարիրիի որդին: Կոալիցիոն կաբինետը բաղկացած է 30 նախարարներից, որի կեսը պատկանում է խորհրդարանական մեծամասնությանը: 10 տեղ տրվել է ընդդիմադիր դաշինքին (երկու տեղ ստացել է «Հըզբոլլահ» շարժումը) եւ եւս հինգը՝ ներկայացվել են նախագահ Միշել Սուլեյմանի կողմից: