Ջավախքում հայկական դպրոցներում տիրող իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 9-ին, հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀԿ-ական պատգամավոր, «Ջավախք» հայերնակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանի եւ Վրաստանի ԿԳ նախարարները եկել էին համաձայնության, որ Ջավախքի հայկական դպրոցներում կրճատված հայոց լեզվի եւ գրականության դասաժամերը  պետք է վերականգնվեն, բայց դա տեղի չունեցավ: «Ցավով պետք է նշեմ, որ դասաժամերը չվերականգնվեցին: Բացի այդ, Վրաստանի իշխանությունների շեշտված քաղաքականության արդյունքում արդեն նկատելի է, որ Ջավախքի հայկական դպրոցները կսկսեն վերածվել երկլեզվյա դպրոցների: Ամեն ինչ անում են, որ դասաժամի մի մասը հայրերենով անցկացվի, մյուս մասը` վրացերենով»,-կարծիք հայտնեց Շիրակ Թորոսյանը:

Նա կրկին հիշեց, որ իր ուսուցիչ ծնողներին ազատել են աշխատանքից, նշելով. «Իշխանությունների կողմից շարունակվում է խտրական քաղաքականությունը հայակերտ մտածող եւ հայեցի կրթություն տարածող մանկավարժների նկատմամբ: Եթե անցյալ տարի այդ բռնությունների ալիքի տակ ընկան իմ ծնողները, ապա այս տարի աշխատանքից ազատվել է Ջավախքի հարցերով փորձագետ Վահե Սարգսյանի մայրը»: