Գերմանացի զինվորի գերեզմանը հայտնաբերած լեհ հնագետները մնացորդներն արտաշիրիմելիս էլ ավելի շատ պատմական արտեֆակտներ են հայտնաբերել, հայտնում է CBS News-ը։
Գերեզմանը հայտնաբերվել է պետության կողմից պահպանվող տարածքում՝ Լեհաստանի հյուսիսում Վդեցկի լանդշաֆտային այգում, որտեղ բազմաթիվ բնական արգելոցներ կան: Զինվորին թաղել են լճի մոտ և, ամենայն հավանականությամբ, նա մահացել է 1945 թվականի փետրվարին Լեհաստանի Գժիբեկե քաղաքում կամրջի վերահսկման համար մղվող մարտերի ժամանակ, ասված է այգու տարածած հաղորդագրությունում:
Սկսվել են մարմինը գերեզմանից հանելու աշխատանքներ։ Սակայն, ինչպես պարզվեց արտաշիրմում անելու ընթացքում, այս վայրը նաև այլ գաղտնիքներ էր թաքցնում։
Մինչ այգու հնագիտական խումբն աշխատում էր դիակը հանելու ուղղությամբ, նրանք հնագիտական գանձարան հայտնաբերեցին:
Հնագետները հայտնաբերել են նեոլիթի ժամանակներին թվագրվող հնագույն խեցեղեն հավաքածու, մեզոլիթի ժամանակների աշխատանքի գործիքներ, ինչպես նաև եվրոպական պատմության տարբեր ժամանակաշրջանների, ներառյալ հռոմեական և բյուզանդական կայսրությունների մետաղադրամներ: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է մոտ 30 մետաղադրամ։
«Մեր որսորդները հանդիպեցին տարբեր դարաշրջանների և տարածքների Եվրոպայով մեկ սփռված մետաղադրամների, կարծես ինչ-որ մեկն իր մետաղադրամների հավաքածուն հենց այստեղ էր գցել»,-նշել են գիտնականները:
Չի բացառվում, որ մետաղադրամները հավաքել է գերմանացի զինվորը, սակայն լեհական ակադեմիական հետազոտությունների գործակալության մասնաճյուղ Research in Poland-ը հայտարարել է, որ չէ ստույգ պարզելն անհնար է:
Ըստ Research in Poland-ի տվյալների՝ հայտնաբերված իրերը եղել են գերազանց վիճակում և ըստ ամենայնի, պահպանվել են բնահողի շնորհիվ: Նշվում է, որ տեղանքում հայտնաբերված մեսոլիթյան գործիքները տարածքում երբևէ հայտնաբերված ամենահինավուրցն են:
Ըստ այգու պատասխանատուների, տեղանքի ուսումնասիրության համար ավելի ուշ գիտարշավներ կանցկացվեն:





























