Պենտագոնը հարյուրավոր նոր հաղորդումներ է ստացել ՉԹՕ-ների, այդ թվում՝ «մի քանի հատկապես հետաքրքիր դեպքերի» մասին, հայտնել է այդ հաղորդումները քննող վարչության տնօրենը, տեղեկացնում է CNN-ը։ Պենտագոնը, որ համագործակցում է  Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի (ODNI) և այլ պետական ​​մարմինների հետ, իր զեկույցում նշել է, որ մինչ օրս ընդհանուր առմամբ 1652 հաղորդում է ստացել, ընդ որում 757-ը՝ 2023 թվականի մայիսից մինչև 2024 թվականի հունիսը:

Նոր դիտարկումների աճող թիվը վկայում է չբացահայտված անոմալ երևույթների արձանագրման, և քննության գործում ԱՄՆ կառավարության ընդլայնվող աշխատանքը, հատկապես, որ դրանցից շատերը նկատվել են ռազմակայանների և ազգային անվտանգության օբյեկտների մոտ: «ԱՄՆ կառավարությունը պետք է լրջորեն վերաբերվի չբացահայտված անոմալ երևույթների մասին հաղորդումներին, հատկապես ազգային անվտանգության վայրերի մոտ, և կատարի մանրակրկիտ գիտական ​​հետազոտություններ»,-  հայտարարել է Անոմալիաների ուսումնասիրման  վարչության (AARO) տնօրեն Ջոն Կոզլոսկին:

Չբացահայտված անոմալ երևույթների թեման արժանացել է հանրության մեծ ուշադրությանը, մասամբ ՉԹՕ-ների հայտնաբերման և դավադրության տեսության միջև կապի պատճառով, ըստ որի ԱՄՆ կառավարությունը թաքցնում է այլմոլորակայինների մասին ապացույցները:

«Կարևոր է նաև ընդգծել, որ մինչ օրս AARO-ն այլմոլորակային էակների, նրանց գործունեության կամ տեխնոլոգիայի վերաբերյալ որևէ ստուգելի ապացույց չի գտել,- ասել է Կոզլոսկին:-  AARO-ի քննած գործերից  ոչ մեկը առաջադեմ կարողություններ կամ բեկումնային տեխնոլոգիաներ չի մատնանշել»: AARO-ի ստացած նոր հաղորդումներից գրեթե 50-ն արդեն մի կողմ են դրվել, քանի որ վերաբերել են առօրյա առարկաների, ինչպիսիք են օդապարիկները, թռչունները կամ անօդաչու թռչող սարքերը, մինչդեռ ևս 243 դեպք, որոնք առնչվում են ակնհայտորեն սովորական իրերի, սպասում են վերջնական քննությանը, համաձայն տարեկան զեկույցի: Ընդհանուր առմամբ 444 նոր հաղորդում է մտցվել է գործերի արխիվ՝ տվյալների կամ ապացույցների բացակայության պատճառով:

Այս փակված գործերից ոչ մեկը արտաքին հակառակորդի գործողության կամ առաջադեմ տեխնոլոգիաների առաջընթացի արդյունք չէ, ասվում է AARO-ի զեկույցում: Բայց մնացած 21 դեպքերը դեռ համոզիչ բացատրություն չեն ստացել, ինչը լրացուցիչ տվյալներ ու վերլուծություն է պահանջում։