Ռուսաստանի Կուրգանի շրջանի իշխանությունները սկսել են հղիության արհեստական ընդհատմանը դրդելն արգելելու մասին օրինագծի մշակումը։ Որպես պատիժ նախատեսվում է 10 հազարից 200 հազար ռուբլի տուգանք։ Տարածաշրջանից Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Իլտյակովը («Միասնական Ռուսաստան»), մեկնաբանելով նախաձեռնությունը, կարծիք է հայտնել, որ կանայք պետք է ծննդաբերեն «քանի ծննդաբերական մեքենան աշխատում է»։

«Քանի ծննդաբերական մեքենան աշխատում է, արա այն, ինչ քեզ տրված է երկրի վրա: Հակառակ դեպքում, Արարչի կամքին հակառակ գնալով, քո մեղքով սպանում ես քեզ, քո ընտանիքը, քո սիրելիներին։ Պետք է մանկապարտեզից երեխաների մեջ հոգևոր ամրակապեր սերմանել»,- URA.RU պարբերականին է ասել Իլտյակովը:

Հղիության արհեստական ​​ընդհատման համար պատիժ սահմանելու խնդրանքով դիմել է «Ուղղափառ կանանց միությունը»։ Նրանք նամակ են ուղարկել Կուրգանի շրջանային դումայի նախագահ Դմիտրի Ֆրոլովին։ Նման օրենք արդեն ընդունել են Ռուսաստանի Դաշնության 13 տարածաշրջանների իշխանությունները։

Իր հերթին Կուրգանի շրջանից սենատոր Սերգեյ Մուրատովը կոչ է արել չդատապարտել այն կանանց, որոնք աբորտ են արել։ «Իհարկե, կան կյանքի տարբեր իրավիճակներ՝ բռնաբարություն, մոր և երեխայի առողջության հետ կապված խնդիրներ և այլն... Բայց մինչ հղիության արհեստական ​​ընդհատման մասին որոշում կայացնելը, կարելի է դիմել ընտանիքի, ընկերների օգնությանը և խոսել  քահանայի հետ»,- հավելել է նա։

Ինչպես հայտնում է Коммерсант-ը, 2023 թվականի վերջին Ռուսաստանի մի քանի տարածաշրջանների մասնավոր կլինիկաները հրաժարվել են աբորտներ կատարել։ Դրանց թվում են Թաթարստանը, Կուրսկի և Տուլայի շրջանները։ Հունիսին Ռուսաստանի Պետդումայի առողջապահության պահպանության հանձնաժողովն առաջարկել էր երկրի առողջապահության նախարարությանը կրճատել հղիության արհեստական ​​ընդհատման ժամկետը 12-ից մինչև ինը շաբաթ: Նոյեմբերի 12-ին ՌԴ Պետդուման օրենք է ընդունել «չայլդֆրի քարոզչության» արգելման մասին։