Հռոմի հինավուրց 2000-ամյա Կոլիզեումը, թվում է՝ դարձել է Իտալիայի ներկա՝ հետքովիդյան զբոսաշրջության զարգացող արդյունաբերությունը և տեղի բնակիչների կարիքները հավասարակշռելու համար պայքարը խորհրդանշող նոր էպիկական բախման թատերաբեմ`գրում է CNN-ը:
Ասպարեզի մի կողմում տների վարձակալության հսկա Airbnb ընկերությունն է և հինավուրց ասպարեզը պահպանող Կոլիզեումի հնագիտական զբոսայգին՝ Հռոմի ամենաշատ այցելվող տեսարժան վայրերից մեկը:
Այդ երկու կազմակերպությունները 1,5 միլիոն դոլարի գործարք են կնքել, որպեսզի 16 զբոսաշրջիկների առաջարկեն «ազատություն տալու համար իրենց ներքին գլադիատորին» և անվճար փորձ ամրագրեն Կոլիզեումում. միջոցառումը համընկնում է Paramount կինոընկերության՝ ռեժիսորը Ռիդլի Սքոթի՝ «Գլադիատորը-2»-ի մեծ էկրան բարձրանալու հետ:
Airbnb-ի ակցիայի շրջանակում՝ պոտենցիալ գլադիատորները նոյեմբերի 27-ից կարող են գրանցվել կարճաժամկետ վարձակալության հարթակում՝ հնարավորություն ունենալով լինել 2025 թվականի մայիսին միմյանց դեմ գլադիատորական հագուստով մրցելու պատրաստ 16 հավակնորդներից մեկը: Գոտեմարտին մասնակցելն անվճար է, սակայն հաղթողները պետք է կազմակերպեն իրենց տրանսպորտը և հանգրվանը Հավերժական քաղաքում:
Մյուս կողմում Հռոմի մշակութային խորհրդական Մասիմիլիանո Սմերիլիոն է։ Նա Airbnb հարթակին հորդորել է հանել ծրագիրը, բայց պահել գումարը՝ հայտարարելով, որ այդ քայլը նսեմացնմում է Կոլիզեումի պատմական կարգավիճակը:
«Խոսքը պետական-մասնավոր հարաբերությունները կամ մեծ ապրանքանիշների՝ պաշտպանությանն ու պահպանմանը աջակցելու ցանկությունը չէ: Բայց պետք է գոնե խուսափենք մեր պատմական և գեղարվեստական ժառանգության նվաստացուցիչ օգտագործումից, հատկապես, երբ խոսքը վերաբերում է աշխարհում այնպիսի եզակի հուշարձանի, ինչպիսին Կոլիզեումն է»,-հայտարարել է Սմերիլոն:
Ձախ կենտրոնամետ Դեմոկրատական կուսակցության քաղաքական գործիչ Էնցո Ֆոսկին, որը ներկայում վերահսկում է Հռոմը, քննադատել է ազգային մշակույթի նախարարությանը ենթարկվող Կոլիզեումի հնագիտական զբոսայգու ղեկավարությանը, Airbnb-ի գործարքին համաձայնության համար, այն դեպքում, երբ Իտալիայի շատ քաղաքներ պայքարում են զբոսաշրջիկների չափազանց մեծ հոսքի դեմ:
«Airbnb-ի գովազդային հնարքը, որն, ըստ էության, զավթել է պատմական կենտրոնը, ամբողջովին աղավաղելով այն և վերածել զբոսաշրջային մեծ պուրակի, հիմա էլ ուզում է ծաղրի առարկա դարձնել Կոլիզեումը: Մենք Դիսնեյլենդում չենք, Հռոմում ենք: Ինչ-որ մեկը ժամանակ առ ժամանակ կարծես թե մոռանում է դրա մասին»,-հայտարարել է նա:





























