Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը երկուշաբթի Չինաստանի նախագահ Սի Ծինպինին կոչ է արել «հետևողական, ամուր» հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև, G20-ի գագաթնաժողովում շարունակելով Լոնդոնի և Պեկինի միջև կապերը ապասառեցնելուն ուղղված ջանքերը, հայտնում է Reuters-ը:

Բրազիլիայում անցկացված հանդիպումը 2018 թվականից ի վեր երկու առաջնորդների միջև առաջինն էր, և Սթարմերը լավատեսական երանգ հաղորդեց՝ հայտարարելով, որ ցանկանում է աշխատել Պեկինի հետ այնպիսի ոլորտներում, ինչպիսին են առևտուրը, տնտեսությունը և կլիման, ինչպես նաև ավելի մեծ համագործակցություն գիտության, տեխնոլոգիայի, առողջապահության և կրթություն ոլորտներում։

Մեծ Բրիտանիայի ղեկավարը միաժամանակ հայտարարել է, որ ծրագրում է «լիարժեք երկկողմանի հանդիպում» անցկացնել Սի Ծինպինի հետ Պեկինում կամ Լոնդոնում և հույս է հայտնել, որ իր ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվզը կկարողանա հանդիպել փոխվարչապետ Հե Լիֆենգի հետ նախքան հաջորդ տարվա սկզբին Մեծ Բրիտանիայի և Չինաստանի տնտեսական հարաբերությունների վերսկսումը՝ անակնկալներից խուսափելու համար:

«Մեծ Բրիտանիան կլինի կանխատեսելի, հետևողական ինքնիշխան խաղացող, որը հավատարիմ է օրենքի գերակայությանը և բազմակողմ համակարգին»,-նշել է նա՝ հավելելով, որ գնահատում է Չինաստանի առաջնորդի անկեղծությունը օգոստոսին անցկացված զրույցի ժամանակ:

Իր հերթին, Չինաստանի նախագահը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ հանդիպմանը հայտարարել է, որ երկու երկրները համագործակցության համար հսկայական տարածություն ունեն։

Հանդիպման կոոպերատիվ երանգը կտրուկ հակադրության մեջ է մտնում նախկին Պահպանողական կառավարության կապերի հետ, որը կոշտ մոտեցում էր ցուցաբերում Չինաստանի հետ տարաձայնություններին, մասնավորապես՝ մարդու իրավունքների, Հոնկոնգի և «չինական լրտեսության» մեղադրանքների վերաբերյալ, գրում է Reuters-ը։

Լոնդոնի և Պեկինի միջև հարաբերությունները վատթարացան, քանի որ Բրիտանիան հայտարարեց, թե չինական ներդրումների համար բաց դռները կարող են ազգային անվտանգության ռիսկեր ստեղծել, և որ Չինաստանի ռազմական և տնտեսական գործունեությունը կարող է հակասել իր ազգային շահերին: