Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ երկուշաբթի հանդիպման ժամանակ Եվրամիության արտգործնախարարները չեն համաձայնել դադարեցնել քաղաքական երկխոսությունը Իսրայելի հետ։
«Գիտենք, որ Գազայում ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում, կան հսկայական քաղաքացիական զոհեր, բայց մենք չենք մոռանում, թե ով է սկսել բռնությունների ներկայիս ցիկլը»,-Բրյուսելում լրագրողներին հայտնել է Սիկորսկին: «Եվ կարող եմ ձեզ ասել, որ Իսրայելի հետ բանակցությունները դադարեցնելու գաղափարի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել»։
Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ դաշինքի անդամ երկրներին կառաջարկվի Գազայի հատվածում իսրայելական ուժերի ռազմական գործողությունների պատճառով Իսրայելի հետ դադարեցնել քաղաքական երկխոսությունը։




























