Տասը տարի հետո աշխարհը չի կարողանա դիմակայել պլաստիկ թափոնների հսկայական ծավալին, եթե երկրները չհամաձայնեն սահմանափակել արտադրությունը,- գլոբալ պլաստիկ աղտոտման դեմ պայքարի վճռորոշ բանակցություններից առաջ նախազգուշացրել է առանցքային երկրների կոալիցիայի համանախագահը, գրում է The Guardian-ը:
Պլաստիկ թափոնների վերացման առաջին գլոբալ պայմանագրի շուրջ ՄԱԿ-ի բանակցությունների վճռական փուլից առաջ՝ այս շաբաթ Պուսանում (Հարավային Կորեա) ունեցած ելույթում Նորվեգիայի միջազգային զարգացման նախարար Էնն Բիթ Տվիներեյմը խոստովանել է․ որ պառակտում է առաջացել պլաստիկ արտադրող երկրների և այլ երկրների միջև: Նա ներկայացնում է ավելի քան 60 հավակնոտ երկրների՝ Ռուանդայի և Նորվեգիայի գլխավորությամբ, որոնք ցանկանում են պայքարել պլաստիկից աղտոտվածության դեմ: Ամենակարևորը՝ սա նշանակում է արտադրության զգալի կրճատում։ Թեև «կատարյալ պայմանագիրը» կարող է անհնար դառնալ ուժեղ դիմադրության պատճառով, հիմնականում նավթ արդյունահանող երկրների կողմից, նա հուսով է, որ հնարավոր կլինի ձեռք բերել համաձայնություն, որը կարող է ամրապնդվել ժամանակի ընթացքում:
Այս տարի գիտնականները միկրոպլաստիկա են հայտնաբերել ընկերքի յուրաքանչյուր նմուշում, որը նրանք ուսումնասիրել են. Մարդու զարկերակներում, որտեղ պլաստիկը հանգեցնում է սրտի նոպաների և կաթվածի․ տղամարդու սերմնահեղուկում, ինչը հաստատում է պլաստիկի ամենուրեք տարածվածությունը և առողջության հետ կապված վտանգների մասին մտահոգությունները:
Պլաստիկի գոյության ամբողջ ցիկլին վերաբերող իրավաբանորեն պարտադիր գլոբալ պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացման մանդատի ընդունման մասին 175 երկրների պատմական համաձայնությունից երկու տարի անց պատվիրակները նախկինի պես տարբեր կարծիքներ ունեն, թե ինչ անեն, իսկ ժամկետը մոտենում է։ Առաջընթացը կանգ է առել 712 միլիարդ դոլար արժողությամբ պլաստիկի արտադրության կրճատման անհրաժեշտության առիթով տարաձայնությունների պատճառով: Ապրիլին կայացած վերջին բանակցություններում հնարավոր չեղավ համաձայնություն ձեռք բերել այն մասին, որ առաջնահերթություն տրվի արտադրական ցուցանիշներին, որոնք առանցքային են համարվում պլաստիկ թափոնների կրճատման համար: Բանակցությունների եզրափակիչ փուլը, որը սկսվում է երկուշաբթի օրը և պետք է ավարտվի դեկտեմբերի 1-ին, վճռորոշ նշանակություն ունի:
«Իհարկե, պետք է մեծացնել թափոնների վերամշակման ծավալները, բայց եթե մենք չկրճատենք արտադրությունն ու սպառումը, ապա 10 տարի հետո մենք չենք կարողանա դիմակայել համակարգում պլաստիկի քանակությանը», - ասել է Թվիներեյմը:
Աշխարհում պլաստիկի օգտագործումը կարող է եռապատկվել մինչև 2060 թվականը, ընդ որում ամենամեծ աճը սպասվում է Սահարայից և Ասիայից հարավ ընկած աֆրիկյան երկրներում: Կանխատեսվում է նաև, որ մինչև 2060 թվականը պլաստիկ թափոնների ծավալը կեռապատկվի, որի կեսը կուղարկվի աղբանոց, իսկ մեկ հինգերորդից պակասը կվերամշակվի:
Ըստ Թվիներեյմի, ամբողջ աշխարհում մեկանգամյա օգտագործման պլաստիկ առարկաների ցանկից «փուլային հրաժարման» մասին համաձայնությունը, ինչպես նաև պլաստիկ իրերում, այդ թվում՝ սննդի հետ շփվող և մանկական խաղալիքների համար նախատեսված պլաստիկում թունավոր քիմիկատների օգտագործման արգելքը «հասարակ գործ» է:
Շատ երկրներում արդեն մեկանգամյա օգտագործման պլաստիկի միակողմանի արգելքներ են գործում:





























