Լիբանանի և Իսրայելի կողմից համաձայնեցված զինադադարն ընդլայնում է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի զինատեսակներից զերծ տարածքը և ամրագրում է լիբանանյան անվտանգության ուժերի զենք կրելու իրավունքը, ինչը դիվանագետների և վերլուծաբանների կարծիքով՝ որոշակիորեն ամրապնդում է այս հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի նախկին բանաձևերի լեզուն, որն, ըստ երևույթին, «Հըզբոլլահ»-ին անկյուն է քշում, գրում է Reuters-ը:

Լիբանանի կաբինետի՝ չորեքշաբթի հրապարակած համաձայնագիրը հինգ էջից փոքր-ինչ ավելի տպագիր տեքստ է և ներառում է հարավային Լիբանանի քարտեզը: Տարածքը, որը պետք է զերծ լինի «Հըզբոլլահ»-ի զենքից, ուրվագծվում է կարմիր գծով՝ «Նոր գիծ 2024» մակագրությամբ, որն անցնում է արևելքից արևմուտք Լիբանանով, գրում է գործակալությունը։

Նոր գիծը սկսվում է Իսրայելի սահմանից մոտավորապես 25 կմ հյուսիս ափի մի կետից և տարածվում դեպի արևմուտք, հիմնականում Լիտանի գետի երկայնքով, բայց հետո շեղվում է դրանից Յոմոր քաղաքից հյուսիս, այսպիսով դուրս գալով այն տարածքից, որն, ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի՝ պետք է զերծ լինի ոչ պետական ​​զենքից:

Ինչպես հիշեցնում է Reuters-ը, 1701 բանաձևը վերջ դրեց 2006 թվականին «Հըզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հակամարտության վերջին փուլին:

Ըստ բանակի պաշտոնաթող բրիգադային գեներալ Հասան Ջունի՝ ընդլայնված գոտին ներառում է Բոֆորտ ամրոցը՝ ռազմավարական նշանակության համարվող խաչակիրների ժամանակաշրջանի ամրոց, քանի որ տեսարան է բացվում է Իսրայելի հետ սահմանին:

2006 թվականի բանաձևում միաժամանակ նշվում էր, որ «առանց Լիբանանի կառավարության համաձայնության Լիբանանի տարածքում զենք չի տեղակայվի»: Հրադադարի մասին նոր համաձայնագիրը ավելի հեռուն է գնում՝ սահմանելով, որ Լիբանանում միայն «պաշտոնական զինված և անվտանգության ուժերին» է թույլատրվում զենք կրել։

Դրանում մասնավորապես նշվում են այնպիսի ուժեր, ինչպիսին են Լիբանանի զինված ուժերը, ներքին անվտանգության ուժերը, ընդհանուր անվտանգությունը, պետական ​​անվտանգությունը, լիբանանյան մաքսային ծառայությունը և քաղաքային ոստիկանությունը:

«Բնականաբար, դա նշանակում է լրջություն իրագործման մեջ, որպեսզի չլինեն անորոշություններ, որոնք կարող են տարբեր կերպ մեկնաբանվել»,-նշել է Ջունին: «Դա ծառայում է լիբանանյան պետության և նրա պաշտոնական կառույցների շահերին, բայց ոչ «Հըզբոլլահ»-ի շահերին»: Թե՛ Բեյրութի կառավարության, թե՛ «Հըզբոլլահ»-ի պաշտոնյաները, որոնք հսկայական քաղաքական ազդեցություն ունեն Լիբանանում, վաղուց են վկայակոչում 2008 թվականի կառավարության հայտարարությունները, որոնք ամրագրում են դիմադրելու իրավունքը որպես «Հըզբոլլահ»-ի զինանոցի փաստացի պաշտոնական հաստատում: Երկու լիբանանցի պաշտոնյաներ Reuters-ին հայտնել են, որ նոր համաձայնագրի լրացուցիչ լեզուն անհանգստության պատճառ չեն համարում և նշել են, որ ամենակարևոր ձեռքբերումը պատերազմի ավարտն է: Սակայն դիվանագետներն ասում են, որ այդ լեզուն Իսրայելին կարող է ավելի շատ լծակներ տալ, քան 2006 թվականից հետո՝ թույլ չտալու շարժումը վերազինվել և զինյալնդեր կամ զենք վերատեղակայել: