Պետական այցով Աստանա ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ բանակցությունների ժամանակ Աստանան անվանել է Մոսկվայի ռազմավարական գործընկեր և հուսալի դաշնակից, հայտնում է ռուսական РИА Новости գործակալությունը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հրավերի, նման ջերմ ընդունելության համար։ Իսկապես, Ղազախստանը մեր ռազմավարական գործընկերն է և իսկապես հուսալի դաշնակիցը»,-ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը հավելել է, որ Մոսկվան և Աստանան ցանկություն ունեն երկկողմ հարաբերություններում բարդ խնդիրների լուծումներ փնտրելու, և նրանց հաջողվում է գտնել դրանք։ Նա միաժամանակ հույս է հայտնել, որ ստորագրման համար նախատեսված փաստաթղթերը համագործակցության զարգացման համար լավ հիմք կդառնան։
Բարձր մակարդակի հանդիպումը տեղի է ունենում Ղազախստանի նախագահի «Ակորդա» նստավայրում։ Ընդլայնված բանակցություններից առաջ առաջնորդները խոսել են նեղ կազմով։
Ըստ ՌԴ նախագահի՝ երկու երկրների հարաբերությունները զարգանում են ամենադինամիկ և լավագույն ձևով։ Նա նշել է, որ ընթացիկ բանակցությունների համար նախապատրաստվել են մի շարք փաստաթղթեր, դրանց թվում՝ համատեղ հայտարարություն եւ տարբեր ոլորտներում պայմանավորվածությունների մի ամբողջ փաթեթ։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Ղազախստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերներից մեկը. անցած տարի ապրանքաշրջանառությունը հասել է 28,5 միլիարդ դոլարի։ Բացի դրանից, նա նշել է քաղաքացիական հասարակությունների, կրթության և գիտության, ինչպես նաև միջտարածաշրջանային համագործակցության միջոցով հումանիտար կապերի զարգացումը։
Տոկաևն իր հերթին հայտարարել է, որ Մոսկվայի և Աստանայի հարաբերությունները զարգանում են հարաճուն կերպով և անշրջելի դինամիկա են ձեռք բերել։
«Եվ, իհարկե, մեր խնդիրն է, ինչպես ես եմ հասկանում, ապահովել, որ այդ համագործակցությունը չդանդաղի, մեր երկրների միջև առևտուրը հաջող զարգանա, ներդրումային համագործակցությունը խորանա։ Եվ, իհարկե, շփումներ հումանիտար ու կրթական ոլորտներում»,-հայտարարել է նա։




























