ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Քիթ Քելլոգին, որը նրան է ներկայացրել Ուկրաինայում պատերազմի ավարտի ծրագիրը, առաջադրել է հակամարտության կարգավորման հատուկ ներկայացուցչի պաշտոնում, գրում է ԱՄՆ նորընտիր նախագահը Truth սոցիալական ցանցում։
Քելլոգը, որը Թրամփի նախագահության 2017-2021 թվականներին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարն էր և այն ժամանակվա փոխնախագահ Մայք Փենսի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, հավանաբար իր նոր պաշտոնում կենտրոնական դեր կխաղա հակամարտությունը լուծելու փորձերում, գրում է Reuters-ը։
Թեև ներկայում ուկրաինական պատերազմի համար հատուկ բանագնաց չկա, Թրամփը մասնավոր կերպով ցանկություն է հայտնել այդ պաշտոնը ստեղծելու հարցում: Ուկրաինայում պատերազմի արագ ավարտը Թրամփի նախընտրական հիմնական խոստումներից մեկն էր, թեև նա խուսափում էր քննարկել, թե ինչպես պետք է դրան հասնի:
«Քիթն ունեցել է նշանավոր ռազմական և բիզնես կարիերա, ներառյալ՝ իմ առաջին վարչակազմում ազգային անվտանգության բարձր պաշտոններ զբաղեցնելը»,- գրել է Թրամփը սոցիալական ցանցերում: Պատերազմը դադարեցնելու Քելլոգի ծրագիրը ներառում է շփման գծերի սառեցում իրենց հիմնական դիրքերում և Կիևին և Մոսկվային հարկադրելով նստել բանակցությունների սեղանի շուրջ, հունիսին գրում էր Reuters-ը:




























