Գիտնականները, որոնք ուսումնասիրել են վաղ եվրոպացի միգրանտների գենետիկան և թաղման վայրերը, եկել են այն եզրակացության, որ նեոլիթյան հասարակությունն ավելի պակաս սեքսիստ է եղել, քան նախկինում ենթադրվում էր:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Human Behavior ամսագրում։ Նախկինում մարդաբանները ենթադրում էին, որ առաջին գյուղատնտեսական համայնքների առաջացումը սկիզբ է դրել տղամարդկանց և կանանց միջև անհավասարությանը: Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ տղամարդկանց հաճախ թաղում էին իրենց նետերով, իսկ ժայռապատկերներում տղամարդիկ ներկայացվում էին կռվելիս և որս անելիս՝ ցույց տալով նրանց ֆիզիկական գերազանցությունը հասարակության մեջ:
Սակայն Յորքի համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ կանայք ավելի շատ ազատություն և հարգանք են վայելել, քան նախկինում կարծում էին:
Նրանք տարբերություններ չեն գտել տղամարդկանց և կանանց գերեզմանների միջև՝ ենթադրելով, որ տղամարդկանց և կանանց կարգավիճակը հասարակության մեջ ենթադրվածից ավելի հավասար է եղել:
«Այժմ մենք կարող ենք տեսնել, թե որքան կարևոր են եղել ավելի լայն ընտանեկան կապերը: Օրինակ, եռակի հուղարկավորման դեպքում, որում երկար ժամանակ կարծում էին, որ մայր ու երկու երեխա են թաղված, մենք ցույց տվեցինք, որ կինը նրանց հորաքույրն է եղել։ Երեքն էլ թաղվել են իրար մոտ, իսկ կնոջ ձեռքերը սեղմված են եղել երեխաներին՝ ի նշան հատուկ հոգատարության։ Գերեզմաններում հայտնաբերած առարկաներից, ինչպիսիք են քարե գործիքներն ու խեցեղենը, մենք գիտենք, որ կանայք գյուղատնտեսության մեջ շատ ավելի ակտիվ դեր են խաղացել, քան նախկինում ենթադրվում էր, և որ որոշ կանայք ավելի շատ են ճանապարհորդել, քան տղամարդիկ, այն դեպքում, երբ այլ վայրերում կանայք մնացել են ավելի մոտ տանը՝ դրսևորելով շատ ավելի դինամիկ համայնք, քան մենք հնարավոր էինք համարում», - ասել է Յորքի համալսարանի հնագիտության բաժնի պրոֆեսոր Փենի Բիքլը:





























