Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև նոր հեռախոսազրույց՝ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ, դեռևս նախատեսված չէ։

Դրա մասին ռուսական ТАСС-ին հայտնել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ներկա պահին՝ ոչ»,-նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

Պուտինի եւ Էրդողանի նախորդ հեռախոսազրույցն անցկացվել է նոյեմբերի 24-ին։ Այն ժամանակ խոսակցությունը վերաբերել է երկու երկրների փոխգործակցությանը, ինչպես նաև, ինչպես հաղորդում է Կրեմլը, շոշափվել են միջազգային որոշ թեմաներ։

Վերջին օրերին Սիրիայում իրավիճակը սրվել է երկրի հյուսիս-արևմուտքում զինված խմբավորումների իրականացրած ահաբեկչության պատճառով։ Ավելի վաղ Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին, կապեր է պահպանում Դամասկոսի հետ և վերլուծում է իրավիճակն այս երկրում։